Անցնել բովանդակությանը
Գլուխ 28 ·

Հոդված 197. Ապրանքների բացթողումը մինչև մաքսային հայտարարագիր ներկայացնելը

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 197. Ապրանքների բացթողումը մինչև մաքսային հայտարարագիր ներկայացնելը

1. Սույն Օրենսգրքի 178-րդ հոդվածում նշված՝ Մաքսային միության մաքսային տարածք ներմուծվող (տարածքից արտահանվող) առանձին կատեգորիաների ապրանքները մաքսային ընթացակարգերով ձևակերպելիս, բացառությամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի, ինչպես նաև սույն Օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ լիազորված տնտեսական օպերատորների նկատմամբ հատուկ պարզեցված ընթացակարգեր կիրառելիս՝ ապրանքների բացթողումը կարող է իրականացվել նախքան մաքսային հայտարարագիր ներկայացնելը՝ պայմանով, որ հայտարարատուն ներկայացնի՝

1) առևտրային կամ այլ փաստաթղթեր, որոնք ներառում են տեղեկություններ ապրանքներն ուղարկողի և ստացողի, ապրանքներն ուղարկող երկրի և դրանց նշանակման երկրի մասին, ապրանքների անվանումը, նկարագրությունը, դասակարգման ծածկագիրը՝ նվազագույնը առաջին չորս նիշերով՝ ըստ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի, ապրանքների քանակը, համաքաշը և արժեքը.

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

2) պարտավորագիր այն մասին, որ պարտավորվում է մաքսային հայտարարագիրը և անհրաժեշտ փաստաթղթերն ու տեղեկությունները ներկայացնել ոչ ուշ, քան մինչև ապրանքների բացթողման ամսվան հաջորդող ամսվա տասը. պարտավորագրում ներառվում են տեղեկություններ ապրանքների օգտագործման նպատակների և այն մաքսային ընթացակարգի մասին, որով ձևակերպվում են ապրանքները.

3) արգելքների և սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթեր և տեղեկություններ, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի փաստաթղթերը և տեղեկությունները կարող են ներկայացվել մաքսային հայտարարագիր ներկայացնելու օրը:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

2. Նախքան մաքսային հայտարարագիր ներկայացնելը ապրանքների բացթողում իրականացնելիս այդպիսի ապրանքների նկատմամբ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը՝

1) հայտարարատուի համար առաջանում է այդ բացթողման օրվանից.

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

2) դադարում է սույն Օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ կետի 1-7-րդ, 9-րդ և 10-րդ ենթակետերով սահմանված դեպքերում և մաքսային հայտարարագրում (հայտարարագրի վրա) ապրանքների բացթողման մասին նշում կատարելու պահից.

3) ենթակա է կատարման՝

մինչև սույն հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված ժամկետը լրանալը: Ընդ որում, ներմուծման մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման նպատակներով կիրառվում են մաքսատուրքերի, հարկերի դրույքաչափերը և Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված և մաքսային հայտարարագրի գրանցման օրը գործող փոխարժեքը.

այն դեպքում, երբ սույն հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված ժամկետի ընթացքում մինչև մաքսային հայտարարագիր ներկայացնելը բաց թողնված ապրանքների համար մաքսային մարմնի կողմից մաքսային հայտարարագրում (հայտարարագրի վրա) նշումներ չեն կատարվել ապրանքների բացթողման մասին, ապա՝ սույն հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված ժամկետի վերջին օրը: Ընդ որում, ներմուծման մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման նպատակներով կիրառվում են սույն հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված ժամկետի վերջին օրվա դրությամբ գործող՝ մաքսատուրքերի, հարկերի դրույքաչափերը և Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանվող փոխարժեքը:

3. Սույն Օրենսգրքի 178-րդ հոդվածում նշված ապրանքների համար, բացառությամբ տարերային աղետների, բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման համար անհրաժեշտ ապրանքների, խաղաղության պահպանմանն ուղղված գործողությունների իրականացման կամ վարժանքների անցկացման համար անհրաժեշտ ռազմական նշանակության արտադրանքի, ինչպես նաև մարդասիրական ու տեխնիկական օգնության, մինչև մաքսային հայտարարագիր ներկայացնելը դրանց բացթողման դեպքում տրամադրվում է մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում:

4. Մինչև մաքսային հայտարարագիր ներկայացնելը ապրանքների բացթողումը, որոնց հայտարարատուն լիազորված տնտեսական օպերատորն է, իրականացվում է պայմանով, որ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման ենթակա գումարը չի գերազանցում սույն Օրենսգրքի 39-րդ հոդվածին համապատասխան լիազորված տնտեսական օպերատորի կողմից տրամադրվող մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման գումարը, եթե դա նախատեսված է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։