Հոդված 200. Պայմանականորեն բաց թողնված ապրանքները
Հոդված 200. Պայմանականորեն բաց թողնված ապրանքները
(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)
1. Պայմանականորեն բաց թողնված են համարվում «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող այն ապրանքները, որոնց դեպքում՝
1) տրամադրվում են մաքսատուրքերի, հարկերի վճարման համար սահմանված արտոնություններ, որոնք զուգակցված են այդ ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման հետ կապված սահմանափակումներով.
2) օգտագործման և (կամ) տնօրինման հետ կապված սահմանափակումներն առնչվում են ապրանքների բացթողումից հետո սույն Օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերի ներկայացման հետ.
3) Մաքսային միության անդամ պետության կողմից կիրառվում են ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր, որոնց չափն ավելի քիչ է, քան Միասնական մաքսային սակագնով սահմանված ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի չափը:
2. Սույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված՝ պայմանականորեն բաց թողնված ապրանքները կարող են օգտագործվել միայն արտոնությունների տրամադրման պայմաններին համապատասխանող նպատակներով:
Արգելված է սույն հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված՝ պայմանականորեն բաց թողնված ապրանքների փոխանցումը երրորդ անձանց, այդ թվում՝ դրանց վաճառքի կամ այլ եղանակով օտարման միջոցով, իսկ այն դեպքում, երբ նշված ապրանքների ներմուծման սահմանափակումները սահմանված են՝ կապված այդ ապրանքների որակի ստուգման և անվտանգության հետ, ապա արգելված է ցանկացած ձևով դրանց օգտագործումը (շահագործումը, սպառումը):
Սույն հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետում նշված՝ պայմանականորեն բաց թողնված ապրանքները կարող են օգտագործվել միայն Մաքսային միության այն անդամ պետության տարածքում, որի մաքսային մարմնի կողմից իրականացվել է դրանց բացթողումը:
3. Պայմանականորեն բաց թողնված ապրանքներն ունեն օտարերկրյա ապրանքի կարգավիճակ և գտնվում են մաքսային հսկողության տակ:
4. Սույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված ապրանքները համարվում են պայմանականորեն բաց թողնված մինչև ներմուծման մաքսատուրքերի, հարկերի՝ վճարման ենթակա գումարների վճարման պարտավորությունը դադարելու պահը, եթե այլ բան նախատեսված չէ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:
5. Պայմանականորեն բաց թողնված ապրանքները ձեռք են բերում Մաքսային միության ապրանքի կարգավիճակ այն բանից հետո, երբ՝
1) դադարում է ներմուծման մաքսատուրքերի, հարկերի՝ վճարման ենթակա գումարների վճարման պարտականությունը սույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված ապրանքների նկատմամբ.
2) ներկայացվում են սույն Օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերը՝ սույն հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված ապրանքների համար.
3) վճարված են ներմուծման մաքսատուրքերը՝ Միասնական մաքսային սակագնով սահմանված ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերով հաշվարկված ներմուծման մաքսատուրքերի գումարների և ապրանքների բացթողման ժամանակ վճարված ներմուծման մաքսատուրքերի գումարների միջև առկա տարբերության չափով՝ սույն հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետում նշված ապրանքների համար:
6. Միջազգային պայմանագրերով և (կամ) Մաքսային միության հանձնաժողովի որոշումներով կարող են սահմանվել այն հանգամանքներ, որոնց դեպքում պայմանականորեն բաց թողնված ապրանքները ձեռք են բերում Մաքսային միության ապրանքի կարգավիճակ:
7. Մաքսային միության ապրանքի կարգավիճակ ձեռք բերելու համար բաց թողնված ապրանքները ենթակա չեն «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով կրկնակի ձևակերպման:
Սույն հոդվածի 5-րդ կետի 1-3-րդ ենթակետերում նշված դեպքերում՝ մաքսատուրքերի, հարկերի վճարման կամ սույն Օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերի տրամադրման կարգը սահմանվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:
8. Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերով կամ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել ապրանքները որպես պայմանական բաց թողնված ապրանքներ դասակարգելու այլ դեպքեր և կարգ: