Հոդված 221. Միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների սարքավորումը մաքսային կապարակնիքների և կնիքների կիրառմամբ ապրանքների փոխադրման ժամանակ
Հոդված 221. Միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների սարքավորումը մաքսային կապարակնիքների և կնիքների կիրառմամբ ապրանքների փոխադրման ժամանակ
1. Մաքսային կապարակնիքների և կնիքների կիրառմամբ ապրանքների փոխադրման համար միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները պետք է նախագծված և սարքավորված լինեն հետևյալ պահանջների պահպանմամբ՝
1) մաքսային կապարակնիքները հնարավոր է դնել պարզ ու հուսալի եղանակով.
2) ապրանքներն անհնար է հեռացնել միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցի բեռնային զետեղարանների կապարակնքված մասերից կամ տեղավորել դրանցում՝ առանց դրանց բացման մասին վկայող տեսանելի նշաններ թողնելու կամ մաքսային կապարակնիքներն ու կնիքները վնասելու.
3) չկան գաղտնարաններ, որոնցում կարող են թաքցվել ապրանքներ.
4) վայրերը, որոնցում կարող են գտնվել ապրանքները, հեշտ հասանելի են ապրանքների մաքսային տեսազննման համար:
2. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված՝ միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցի համար ներկայացվող պահանջները համարվում են կատարված, եթե այդ տրանսպորտային միջոցը համապատասխանում է դրա նախագծման ու սարքավորման՝ միջազգային պայմանագրերով սահմանված պահանջներին:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված՝ միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցի համար ներկայացվող պահանջներին համապատասխանությունը կարող է հաստատվել նախօրոք՝ միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցը մաքսային կապարակնիքների ու կնիքների կիրառմամբ ապրանքների փոխադրման համար թույլտվության մասին հավաստագիր ստանալու միջոցով:
Միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցը մաքսային կապարակնիքների ու կնիքների կիրառմամբ ապրանքների փոխադրման համար թույլատրելու մասին հավաստագիր կարող է տրվել՝
անհատական կարգով,
ըստ տրանսպորտային միջոցի կառուցվածքի տեսակի (սերիաների):
Միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցը մաքսային կապարակնիքների ու կնիքների կիրառմամբ ապրանքների փոխադրման համար թույլատրելու մասին հավաստագիր տրվում է մաքսային մարմնի կողմից՝ շահագրգիռ անձի դիմումի հիման վրա՝ նշված դիմումը ստանալու օրվանից առավելագույնը երեք աշխատանքային օր հետո: Նշված հավաստագիրն ուժի մեջ է մնում մինչև այն պահը, քանի դեռ փոփոխություններ տեղի չեն ունեցել միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի կառուցվածքում, սակայն ոչ ավելի, քան երկու տարի:
Տրանսպորտային միջոցի տիրապետման իրավունքն այլ անձի փոխանցման դեպքում միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցը մաքսային կապարակնիքների ու կնիքների կիրառմամբ ապրանքների փոխադրման համար թույլատրելու մասին հավաստագիրը մնում է ուժի մեջ:
Միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցը մաքսային կապարակնիքների ու կնիքների կիրառմամբ ապրանքների փոխադրման համար թույլատրելու մասին հավաստագրի ձևը և դրա տրման ու օգտագործման կարգը սահմանվում են Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ:
4. Մաքսային մարմինները չեն պահանջում միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի՝ մաքսային կապարակնիքների ու կնիքների կիրառմամբ ապրանքների փոխադրման համար նախօրոք տրված թույլտվություն, բացառությամբ այն դեպքի, երբ՝
ապրանքների փոխադրումն իրականացնում է մաքսային փոխադրողը,
նախօրոք տրված թույլտվության պահանջը նախատեսված է միջազգային պայմանագրերով: