Հոդված 225. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի եզրափակումը
Հոդված 225. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի եզրափակումը
1. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգը եզրափակվում է ուղարկող մաքսային մարմնի կողմից սահմանված տեղ հասցնելու վայր ապրանքները հասցնելուց հետո:
2. Նախքան «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի եզրափակումը ապրանքները տեղ հասցնելու վայրում ապրանքները հանձնվում են մաքսային հսկողության գոտում:
Ապրանքների հանձնումը մաքսային հսկողության գոտի թույլատրվում է օրվա ցանկացած պահի:
3. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգը եզրափակելու համար փոխադրողը պարտավոր է նշանակման մաքսային մարմին ներկայացնել տարանցիկ փոխադրման հայտարարագիր, ինչպես նաև իր մոտ եղած մյուս փաստաթղթերը՝
ավտոմոբիլային տրանսպորտային միջոցով փոխադրվող ապրանքների համար՝ ապրանքները տեղ հասցնելու վայր դրանց ժամանման պահից 1 (մեկ) ժամվա ընթացքում, իսկ եթե ապրանքները ժամանում են մաքսային մարմնի ոչ աշխատանքային ժամերին, ապա՝ տվյալ մաքսային մարմնի աշխատանքային ժամի մեկնարկից հաշված 2 (երկու) ժամվա ընթացքում.
նավերի, օդանավերի և երկաթուղային տրանսպորտով փոխադրվող ապրանքների համար՝ միջազգային փոխադրումներ իրականացնելիս նավահանգստի, օդանավակայանի կամ երկաթուղային կայարանի տեխնոլոգիական գործընթացի սահմանված ժամանակի ընթացքում, եթե այլ ժամկետ սահմանված չէ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:
Մաքսային մարմնի պահանջով փոխադրողը պարտավոր է ներկայացնել ապրանքները:
4. Փոխադրողի կողմից սույն հոդվածի 3-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացնելու պահից 1 (մեկ) ժամվա ընթացքում նշանակման մաքսային մարմինը գրանցում է դրանք ներկայացնելու փաստը՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով:
5. Նշանակման մաքսային մարմինը եզրափակում է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգը հնարավորինս կարճ ժամկետներում, սակայն տարանցիկ փոխադրման հայտարարագրի կամ որպես տարանցիկ փոխադրման հայտարարագիր ճանաչվող այլ փաստաթղթերի վրա «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի եզրափակման մասին նշում կատարելու միջոցով փաստաթղթերի գրանցումից հետո ոչ ուշ, քան քսանչորս ժամվա ընթացքում:
Մաքսային մարմինների կողմից «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի ձևակերպման կարգը սահմանվում է Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ:
6. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի եզրափակումից հետո 3 (երեք) ժամվա ընթացքում փոխադրողը կամ այլ շահագրգիռ անձ պարտավոր է կատարել մաքսային գործառնություններ՝ կապված ապրանքները ժամանակավոր պահպանության հանձնելու կամ մաքսային ընթացակարգին համապատասխան դրանց մաքսային հայտարարագրման հետ, եթե երկաթուղային կամ ջրային տրանսպորտով փոխադրվող ապրանքների համար այլ ժամկետ սահմանված չէ Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ կամ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:
Սույն կետի դրույթները չեն կիրառվում մաքսային ընթացակարգը Մաքսային միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների համար՝ մեկնման վայրում եզրափակելիս: