Հոդված 244. Մաքսային տարածքում ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթուղթը
Հոդված 244. Մաքսային տարածքում ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթուղթը
1. Մաքսային միության անդամ պետության լիազորված մարմնի կողմից տրվող՝ մաքսային տարածքում ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթուղթը կարող է ստանալ Մաքսային միության ցանկացած անդամ պետության անձ, որի տարածքում տրվում է այդ փաստաթուղթը, այդ թվում՝ ապրանքների վերամշակման գործողություններ անմիջականորեն չկատարող անձինք:
(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)
2. Մաքսային տարածքում ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթուղթը պետք է տեղեկություններ ներառի՝
1) այն անձի մասին, որին տրվել է փաստաթուղթը.
2) այն անձի (անձանց) մասին, որը (որոնք) պետք է անմիջականորեն կատարի (կատարեն) վերամշակման գործողություններ.
3) օտարերկրյա ապրանքների և դրանց վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան անվանումների, դասակարգումների, դրանց քանակի և արժեքի մասին.
4) արտաքին տնտեսական գործարքի կատարումը հավաստող փաստաթղթերի կամ արտաքին տնտեսական գործարքից դուրս՝ ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքը հավաստող փաստաթղթերի մասին.
5) վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների չափաքանակների մասին.
6) ապրանքների վերամշակման գործողությունների, դրանց կատարման եղանակների մասին.
7) ապրանքների նույնականացման եղանակների մասին.
8) մնացորդների և թափոնների՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան անվանումների, դասակարգումների, դրանց քանակի և արժեքի մասին.
9) մաքսային տարածքում ապրանքների վերամշակման ժամկետի մասին.
10) համարժեք ապրանքներով փոխարինման մասին, եթե այդպիսի փոխարինում թույլատրվում է.
11) առևտրային նպատակներով թափոնների հետագա օգտագործման հնարավորության մասին.
12) այն մաքսային մարմնի (մարմինների) մասին, որում (որոնցում) ենթադրվում է ապրանքների՝ «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպում և այդ մաքսային ընթացակարգի եզրափակում:
3. Մաքսային տարածքում ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթուղթը կարող է ներառել սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված տեղեկություններից բացի այլ տեղեկություններ, եթե դա սահմանված է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:
4. Մաքսային տարածքում ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթղթի տրման, դրանում փոփոխությունների և լրացումների կատարման, ինչպես նաև այն չեղարկելու (չեղյալ հայտարարելու) ձևը և կարգը սահմանվում են Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:
5. «Մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով օտարերկրյա ապրանքների բացթողումն իրականացվում է Մաքսային միության անդամ պետության այն մաքսային մարմնի կողմից, որի լիազորված մարմնի կողմից տրվել է մաքսային տարածքում ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթուղթը: