Հոդված 261. Արտահանման մաքսատուրքերի վճարման պարտավորության առաջացումն ու դադարումը և դրանց վճարման ժամկետը «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար
Հոդված 261. Արտահանման մաքսատուրքերի վճարման պարտավորության առաջացումն ու դադարումը և դրանց վճարման ժամկետը «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար
1. Հայտարարատուի՝ արտահանման մաքսատուրքերի, վճարման պարտավորությունը «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների համար առաջանում է մաքսային մարմնի կողմից մաքսային հայտարարագիրը գրանցելու պահից:
2. Հայտարարատուի՝ արտահանման մաքսատուրքերի վճարման պարտավորությունը «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակեպվող (ձևակերպված) ապրանքների համար դադարում է՝
1) «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության եզրափակման պահին՝ մինչև սույն Օրենսգրքի 260-րդ հոդվածի 1-ին կետի համապատասխան՝ ապրանքների վերամշակման ժամկետի լրանալը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ ընթացակարգի գործողության ընթացքում վրա է հասել արտահանման մաքսատուրքերի վճարման ժամկետը,
2) սույն Օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ կետում նշված դեպքերում:
3. Արտահանման մաքսատուրքերի վճարման ժամկետ է համարվում՝
1) ապրանքների փոխանցման օրը, եթե դրանք փոխանցվում են վերամշակման գործողություններն անմիջականորեն չկատարող անձի՝ առանց մաքսային մարմինների թույլտվության, իսկ եթե այդ օրը որոշված չէ, ապա՝ ապրանքների փոխանցման փաստը մաքսային մարմնի կողմից բացահայտվելու օրը,
2) ապրանքների կորստի օրը, եթե ապրանքները կորել են մինչև ապրանքների վերամշակման ժամկետի լրանալը, բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և պահպանության բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով ոչնչացման (անվերադարձ կորստի) դեպքերի, իսկ եթե այդ օրը որոշված չէ, ապա՝ մաքսային մարմնի կողմից՝ ապրանքների կորստի փաստը բացահայտելու օրը,
3) ապրանքների վերամշակման ժամկետը լրանալու օրը, եթե «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգը չի եզրափակվել՝ մինչև սույն Օրենսգրքի 260-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան սահմանված՝ ապրանքների վերամշակման ժամկետը լրանալը:
4. Արտահանման մաքսատուրքերը ենթակա են վճարման արտահանման մաքսատուրքերի գումարներին համարժեք գումարի չափով, որոնք վճարման ենթակա կլինեին ապրանքները «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում, և որոնք հաշվարկվում են մաքսային մարմնի կողմից՝ այն մաքսային հայտարարագրի գրանցման օրվանից, որը տրվում է ապրանքները «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար: