Հոդված 274. Ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության առաջացումն ու դադարումը և դրանց վճարման ժամկետը «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար
Հոդված 274. Ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության առաջացումն ու դադարումը և դրանց վճարման ժամկետը «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար
1. Հայտարարատուի՝ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների համար առաջանում է մաքսային մարմնի կողմից մաքսային հայտարարագիրը գրանցելու պահից:
2. Հայտարարատուի՝ հարկերի վճարման պարտավորությունը «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով ապրանքների համար դադարում է սույն Օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ կետում նշված դեպքերում:
3. Հայտարարատուի՝ ներմուծման մաքսատուրքերի վճարման պարտավորությունը «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար դադարում է.
1) «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության եզրափակման պահին՝ մինչև սույն Օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան սահմանված՝ ապրանքների վերամշակման ժամկետի լրանալը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդ ընթացակարգի գործողության ընթացքում վրա է հասել ներմուծման մաքսատուրքերի վճարման ժամկետը.
2) սույն Օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ կետում նշված դեպքերում:
4. Օտարերկրյա ապրանքների համար սահմանված հարկերը ենթակա են վճարման մինչև «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողումը:
5. Ներմուծման մաքսատուրքերի վճարման ժամկետ է համարվում.
1) ապրանքների փոխանցման օրը՝ եթե օտարերկրյա ապրանքները փոխանցվել են այն անձին, որին չի տրվել մաքսային տարածքում ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթուղթ, և (կամ) այն անձին, որն անմիջականորեն չի կատարում վերամշակման գործողություններ՝ առանց մաքսային մարմինների թույլտվության, իսկ եթե այդ օրը որոշված չէ, ապա մաքսային մարմնի կողմից այն մաքսային հայտարարագրի գրանցման օրը, որը տրվում է ապրանքները «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար.
2) ապրանքների կորստի օրը՝ եթե օտարերկրյա ապրանքները կորել են մինչև ապրանքների վերամշակման ժամկետը լրանալը, բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության կամ փոխադրման (տրասպորտային փոխադրման) և պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով ոչնչացման (անվերադարձ կորստի) դեպքերի, իսկ եթե այդ օրը որոշված չէ, ապա մաքսային մարմնի կողմից ապրանքները «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար տրված մաքսային հայտարարագրի գրանցման օրը.
3) ապրանքների վերամշակման ժամկետի լրանալու օրը՝ եթե «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգը չի եզրափակվել՝ մինչև սույն Օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան սահմանված՝ ապրանքների վերամշակման ժամկետի լրանալը:
6. Ներմուծման մաքսատուրքերը, սույն հոդվածի 5-րդ կետում նշված դեպքերում, ենթակա են վճարման ներմուծման մաքսատուրքերի գումարներին համարժեք գումարի չափով, որոնք վճարման ենթակա կլինեին օտարերկրյա ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում, և որոնք հաշվարկվում են մաքսային մարմնի կողմից՝ այն մաքսային հայտարարագրի գրանցման օրվանից, որը տրվում է ապրանքները «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար: