Հոդված 284. Ժամանակավոր ներմուծված ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու առանձնահատկությունները
Հոդված 284. Ժամանակավոր ներմուծված ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու առանձնահատկությունները
1. Ժամանակավոր ներմուծված ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված ներմուծման մաքսատուրքերի, հարկերի և փոխարժեքների դրույքաչափերը սահմանվում են մաքսային մարմնի կողմից՝ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման համար տրված՝ մաքսային հայտարարագրի գրանցման օրը:
2. «Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգից հետո «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով այն ապրանքները ձևակերպելու դեպքում, որոնց համար «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգի հայտարարատուի կողմից «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգում մաքսատուրքերը, հարկերը վճարվել են մաքսատուրքերի, հարկերի վճարումից մասնակի պայմանական ազատմամբ, ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարվում են մաքսատուրքերի, հարկերի՝ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպման դեպքում վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի հաշվարկված գումարների և «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան վճարված մաքսատուրքերի, հարկերի գումարների տարբերության չափով:
Սույն կետի առաջին մասի դրույթները կիրառվում են նաև այն դեպքում, երբ մինչև սույն կետի առաջին մասում նշված ապրանքների՝ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպումը, տվյալ ապրանքները ձևակերպվել են «մաքսային պահեստ», «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով (ընթացակարգերով) կամ հանձնվել են ժամանակավոր պահպանության:
3. Ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում, որոնց համար կիրառվել է մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ կամ մասնակի պայմանական ազատում՝ այդպիսի ազատումը կիրառելու ժամանակահատվածի համար, մաքսատուրքերի, հարկերի գումարից ենթակա են վճարման տոկոսներ, որոնք ենթակա կլինեին վճարման, եթե այդ գումարների համար ընձեռվեր հետաձգման (տարաժամկետ վճարման) հնարավորություն՝ այն մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական կամ մասնակի պայմանական ազատում կիրառելու օրվանից, որոնք հաշվարկվում են Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ժամանակավոր ներմուծված ապրանքների առանձին կատեգորիաների համար Մաքսային միության հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու այն դեպքերը, երբ սույն կետի առաջին մասում նշված տոկոսները չեն վճարվում:
(3-րդ կետը՝ 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)