Հոդված 293. Ապրանքները «վերաներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանները
Հոդված 293. Ապրանքները «վերաներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանները
1. «Վերաներմուծում» մաքսային ընթացակարգով կարող են ձևակերպվել ավելի վաղ արտահանված այն ապրանքները.
1) որոնք ձևակերպվել են «արտահանում» մաքսային ընթացակարգով կամ որոնք ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքներ են, որոնք ձևակերպվել են «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով և որոնք արտահանվել են Մաքսային միության մաքսային տարածքից՝ «վերաարտահանում» մաքսային ընթացակարգին համապատասխան, եթե.
այդ ապրանքները ձևակերպվում են «վերաներմուծում» մաքսային ընթացակարգով 3 (երեք) տարվա ընթացքում՝ Մաքսային միության մաքսային տարածքից արտահանման ժամանակ մաքսային սահմանով դրանց տեղափոխման օրվան հաջորդող օրվանից, կամ սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան սահմանված այլ ժամկետում.
այդ ապրանքները գտնվում են անփոփոխ վիճակում՝ բացառությամբ փոխադրման (տրանսպորտային փոխադրման), պահպանման և (կամ) օգտագործման (շահագործման) բնականոն պայմաններում բնական մաշվածության կամ բնական կորստի արդյունքում կատարված փոփոխությունների.
մաքսային մարմին ներկայացվել են փաստաթղթեր՝ սույն Օրենսգրքի 294-րդ հոդվածին համապատասխան.
2) որոնք ձևակերպվել են «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով, եթե այդ ապրանքները ներմուծվում են ժամանակավոր արտահանման ժամկետի ընթացքում և գտնվում են նույն անփոփոխ վիճակում՝ բացառությամբ փոխադրման (տրանսպորտային փոխադրման), պահպանման և (կամ) օգտագործման (շահագործման) բնականոն պայմաններում բնական մաշվածության կամ բնական կորստի արդյունքում կատարված փոփոխությունների, ինչպես նաև «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգին համապատասխան այդ ապրանքներն օգտագործելու դեպքում դրանց նկատմամբ թույլատրելի փոփոխությունների.
3) որոնք ձևակերպվել են «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով, եթե այդ ապրանքները ներմուծվում են վերամշակման ժամկետի ընթացքում և գտնվում են այն նույն վիճակում, որում արտահանվել են Մաքսային միության մաքսային տարածքից՝ բացառությամբ փոխադրման (տրանսպորտային փոխադրման), պահպանման և (կամ) օգտագործման (շահագործման) բնականոն պայմաններում բնական մաշվածության կամ բնական կորստի արդյունքում կատարված փոփոխությունների.
4) որոնք ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքներ են, որոնք ձևակերպվել են «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով, եթե վերամշակման նպատակը եղել է անհատույց (երաշխիքային) վերանորոգումը և այդ ապրանքները ձևակերպվում են «վերաներմուծում» մաքսային ընթացակարգով վերամշակման ժամկետի ընթացքում՝ բացառությամբ ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքների, որոնց՝ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով բացթողման դեպքում հաշվի է առնվել այդ ապրանքների անհատույց (երաշխիքային) վերանորոգման պատճառ հանդիսացող թերության (թերությունների) առկայությունը:
2. Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ՝ ապրանքների առանձին կատեգորիաների համար կարող են սահմանվել սույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված ժամկետը գերազանցող ժամկետներ:
3. Վերաներմուծման դեպքում՝ հարկերի և (կամ) դրանցից տոկոսների փոխհատուցումը, երբ այդ հարկերի գումարները և (կամ) տոկոսները, կապված մաքսային տարածքից ապրանքների արտահանման հետ, չեն վճարվել կամ վերադարձվել են, ինչպես նաև չվճարված կամ ուղղակիորեն կամ անուղղակիորեն՝ որպես վճարումներ, արտոնություններ ստացված կամ մաքսային տարածքից ապրանքների արտահանման դեպքում փոխհատուցված այլ հարկերի գումարների, լրավճարների և այլ գումարների փոխհատուցումը կատարվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաններով:
(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)
Վերաներմուծման դեպքում՝ ներմուծվող մաքսատուրքերի փոխհատուցումը, եթե այդ տուրքերի գումարները, կապված մաքսային տարածքից ապրանքների արտահանման հետ, չեն վճարվել կամ հետ են վերադարձվել, կատարվում է Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրին համապատասխան:
(երկրորդ մասն ավելացվել է 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրությամբ)
4. Որպես «վերաներմուծում» մաքսային ընթացակարգի հայտարարատու կարող է հանդես գալ սույն հոդվածի 1-ին կետում նշված մաքսային ընթացակարգերից այն մաքսային ընթացակարգի հայտարարատու հանդիսացող անձը, որին համապատասխան ապրանքներն արտահանվել են Մաքսային միության մաքսային տարածքից:
Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ կարող են սահմանվել դեպքեր, երբ որպես «վերաներմուծում» մաքսային ընթացակարգի հայտարարատու կարող է հանդես գալ այլ անձ:
5. Ապրանքները «վերաներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպվում են Մաքսային միության այն անդամ պետությունում, որտեղ դրանք ձևակերպված են եղել սույն հոդվածի 1-ին կետում նշված մաքսային ընթացակարգերից որևէ մեկով: