Հոդված 316. Մաքսատուրքերի, հարկերի կիրառումը միջազգային փոստային առաքանիներով առաքվող ապրանքների նկատմամբ
Հոդված 316. Մաքսատուրքերի, հարկերի կիրառումը միջազգային փոստային առաքանիներով առաքվող ապրանքների նկատմամբ
1. Եթե միջազգային փոստային առաքանիներով առաքվող ապրանքների համար չի պահանջվում ապրանքների մասին հայտարարագրի ներկայացում, ապա մաքսատուրքերը, հարկերը հաշվարկվում և հաշվեգրվում են միջազգային փոստափոխանակման վայրերում (հիմնարկություններում) մաքսային գործառնություններ իրականացնող մաքսային մարմնի կողմից՝ մաքսային մուտքի օրդերի օգտագործմամբ, որի ձևը և լրացման կարգը սահմանվում է Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ:
Մաքսատուրքերի, հարկերի գումարները հաշվարկվում են Համաշխարհային փոստային միության ակտերով նախատեսված և մաքսային նպատակներով օգտագործվող փաստաթղթերում նշված ապրանքների արժեքի մասին տեղեկությունների հիման վրա:
Հայտարարագրված արժեքով միջազգային փոստային առաքանիների համար մաքսատուրքերը, հարկերը հաշվարկվում են՝ ելնելով այդ հայտարարագրված արժեքից միայն այն դեպքում, եթե այն գերազանցում է մաքսային նպատակներով օգտագործվող փաստաթղթերում նշված արժեքը:
2. Միջազգային փոստային առաքանիները փոստային կապի օպերատորի կողմից հանձնվում են դրանք ստացողներին՝ այդ միջազգային փոստային առաքանիներով առաքվող ապրանքների համար սահմանված մաքսային վճարները վճարելու պայմանով:
3. Միջազգային փոստային առաքանիներով առաքվող ապրանքների համար սահմանված մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման սույն Օրենսգրքով և Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերով սահմանված չափով:
4. Միջազգային փոստային առաքանիների կորստի կամ դրանք առանց մաքսային մարմնի թույլտվության ստացողին տրամադրելու դեպքում՝ մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը կրում է նշված փոստային առաքանիները կորցրած կամ տրամադրած՝ փոստային կապի օպերատորը: