Հոդված 335. Խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների ներմուծման, արտահանման և մաքսային հայտարարագրման առանձնահատկությունները
Հոդված 335. Խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների ներմուծման, արտահանման և մաքսային հայտարարագրման առանձնահատկությունները
1. Խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների՝ Մաքսային միության մաքսային տարածք ներմուծումը և այդ տարածքից արտահանումը թույլատրվում է հայտագրված մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքների բացթողումից հետո:
2. Մաքսային հայտարարագիր ներկայացնելու ժամանակ չի գործում խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող ապրանքները մաքսային մարմին փաստացի ներկայացնելու պահանջ:
3. Խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների՝ Մաքսային միության մաքսային տարածք ներմուծման և այդ տարածքից արտահանման ժամանակ թույլատրվում է ապրանքների խառնումը, ինչպես նաև փոխադրման տեխնոլոգիական առանձնահատկություններից և ապրանքների բնորոշ հատկանիշներից ելնելով՝ ապրանքների քանակի և վիճակի (որակի) փոփոխումը՝ Մաքսային միության անդամ պետություններում գործող տեխնիկական կանոնակարգերին և ազգային ստանդարտներին համապատասխան:
4. Խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների մաքսային հայտարարագրման առանձնահատկությունները սահմանվում են սույն Օրենսգրքի 194-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:
5. Խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների քանակը սահմանվում է սույն Օրենսգրքի 337-րդ հոդվածին համապատասխան՝ տեխնոլոգիական գործընթացին հարմարեցված վայրերում տեղադրված հաշվառքի սարքերի ցուցմունքների հիման վրա, համապատասխան արտաքին առևտրային պայմանագրով ապրանքների փաստացի մատակարարման մասին ակտերով, ընդունման-հանձնման ակտերով, ապրանքների որակի հավաստագրերով և այլ համանման փաստաթղթերով, որոնք հաստատում են արտադրված, մատակարարված և սպառված՝ խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների ծավալների հասցեական բաշխումը հաշվարկային ժամանակահատվածի ընթացքում, որը սահմանվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)
6. Մաքսային միության մաքսային տարածքից արտահանվող՝ խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ օգտագործվում են այդ ապրանքները ուղարկող պետության տարածքում տեղադրված հաշվառքի սարքերի կամ սահմանակից պետության տարածքում կամ այլ վայրերում գտնվող հաշվառքի սարքերի ցուցմունքները՝ սույն Օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան:
(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)
Մաքսային միության մաքսային տարածք ներմուծվող՝ խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ օգտագործվում են այդ ապրանքների նշանակման պետության տարածքում տեղադրված հաշվառքի սարքերի կամ՝ սահմանակից պետության տարածքում կամ այլ վայրերում գտնվող հաշվառքի սարքերի ցուցմունքները՝ սույն Օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան:
(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)
7. Խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող բնական գազի մաքսային հայտարարագրման ժամանակ՝ դրա քանակի և որակի հավաստման համար օգտագործվում են բնական գազի փաստացի մատակարարումների մասին ակտերը, որոնք կազմվում են բնական գազը կապալառուներին հանձնելու՝ այդպիսի տեղափոխման իրականացման համար հիմք հանդիսացող արտաքին առևտրային պայմանագրերի պայմաններով սահմանված վայրերում տեղադրված հաշվառքի սարքերի ցուցմունքների հիման վրա:
(7-րդ կետն ավելացվել է 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրությամբ)