Հոդված 43. Մաքսային մարմինների կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգերը, տեղեկատվական տեխնոլոգիաները և դրանց ապահովման միջոցները
Հոդված 43. Մաքսային մարմինների կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգերը, տեղեկատվական տեխնոլոգիաները և դրանց ապահովման միջոցները
1. Մաքսային գործառնությունները կարող են իրականացվել տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական տեխնոլոգիաների, այդ թվում՝ տեղեկությունների էլեկտրոնային եղանակով փոխանցման վրա հիմնված համակարգերի և տեխնոլոգիաների, ինչպես նաև դրանց ապահովման միջոցների կիրառմամբ:
2. Տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումն իրականացվում է հաշվի առնելով համապատասխան միջազգային ստանդարտները և Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված՝ տեղեկատվական անվտանգության պահանջների ապահովումը:
3. Մաքսային մարմինների կողմից կիրառվում են Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը և (կամ) միջազգային պայմանագրերին համապատասխան մաքսային մարմինների կողմից մշակված, արտադրված կամ ձեռք բերված տեղեկատվական համակարգերը, տեղեկատվական տեխնոլոգիաները և դրանց ապահովման միջոցները:
4. Տեղեկատվական համակարգերի, տեղեկատվական տեխնոլոգիաների, դրանց ապահովման միջոցների և տեղեկությունների պաշտպանության ծրագրային տեխնիկական միջոցների՝ մաքսային նպատակներով օգտագործման պայմանները և կարգը, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով տեղեկությունների փոխանակման վրա հիմնված տեղեկատվական փոխգործակցության կազմակերպման ժամանակ դրանց ներկայացվող պահանջները սահմանվում են Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ և Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:
5. Մաքսային մարմինների փոխգործակցության ապահովման նպատակով Մաքսային միության մաքսային տարածքում ստեղծվում են ինտեգրացված տեղեկատվական համակարգեր և տեղեկատվական տեխնոլոգիաներ: