Հոդված 52. Ապրանքների դասակարգումը
Հոդված 52. Ապրանքների դասակարգումը
1. Ապրանքները՝ դրանց մաքսային հայտարարագրման ժամանակ, ենթակա են դասակարգման ըստ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի:
2. Ապրանքների դասակարգման ճշտությունը ստուգվում է մաքսային մարմինների կողմից:
3. Ապրանքների ոչ ճիշտ դասակարգման հայտնաբերման դեպքում մաքսային մարմինն ինքն է իրականացնում ապրանքների դասակարգումը և որոշում է ընդունում ապրանքների՝ այն ձևով դասակարգման վերաբերյալ, որը սահմանված է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:
Ապրանքների դասակարգման վերաբերյալ մաքսային մարմինների որոշումները կարող են բողոքարկվել սույն Օրենսգրքի 9-րդ հոդվածին համապատասխան:
4. Ապրանքների դասակարգման համար պարտադիր չեն ապրանքների՝ ըստ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերը, որոնք նշված են առևտրային, տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում և (կամ) այլ փաստաթղթերում, բացառությամբ սույն Օրենսգրքի 180-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված դեպքերի, ինչպես նաև եզրակացություններում, տեղեկանքներում, փորձաքննության արձանագրություններում, որոնք տրվում են փորձագիտական հիմնարկների կողմից:
(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)
5. Մաքսային մարմինները, սույն գլխին համապատասխան, ընդունում են նախնական որոշումներ ապրանքների դասակարգման վերաբերյալ:
6. Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված մաքսային մարմինները կարող են ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ որոշումներ ընդունել և պարզաբանումներ տալ՝ ապահովելով դրանց հրապարակումը:
Նման որոշումները և պարզաբանումները պարտադիր են Մաքսային միության այն անդամ պետության տարածքում ապրանքների հայտարարագրման ժամանակ, որի մաքսային մարմնի կողմից դրանք ընդունվել են:
7. Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի միատեսակ մեկնաբանման ապահովման նպատակով մաքսային մարմինների առաջարկությունների հիման վրա Մաքսային միության հանձնաժողովը ընդունում և հրապարակում է որոշումներ և պարզաբանումներ ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ:
(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)
Ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու, դրանք քննարկելու և ապրանքների առանձին տեսակների դասակարգման մասին որոշումների ու պարզաբանումների նախագծերը Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների հետ համաձայնեցնելու կարգը սահմանվում է Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ:
Մաքսային միության հանձնաժողովի կողմից ապրանքների առանձին տեսակների դասակարգման մասին որոշումների ու պարզաբանումների ընդունումից հետո, սույն հոդվածի 6-րդ կետին համապատասխան մաքսային մարմինների կողմից՝ ապրանքների նույն տեսակների վերաբերյալ ընդունված որոշումները և պարզաբանումները ենթակա են չեղարկման կամ փոփոխման: