Հոդված 6. Մաքսային մարմինները և նրանց հիմնական խնդիրները
Հոդված 6. Մաքսային մարմինները և նրանց հիմնական խնդիրները
1. Մաքսային միության մաքսային տարածքում մաքսային մարմիններն ապահովում են հետևյալ հիմնական խնդիրների իրագործումը՝
1) օժանդակություն Մաքսային միության միասնական առևտրային քաղաքականության իրականացման հարցում.
2) Մաքսային միության մաքսային օրենսդրության և Մաքսային միության անդամ պետությունների այլ օրենսդրության իրականացման ապահովում, որի իրականացման նկատմամբ հսկողությունը վերապահված է մաքսային մարմիններին.
3) մաքսային գործառնությունների կատարում և մաքսային հսկողության իրականացում, այդ թվում՝ վարչական փոխօգնության տրամադրման շրջանակներում.
4) մաքսային վճարների, ինչպես նաև հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գանձում, դրանց հաշվարկման ճշտության և ժամանակին վճարման նկատմամբ հսկողություն, դրանց հարկադիր բռնագանձման համար միջոցների ձեռնարկում իրենց իրավասության սահմաններում.
5) իրենց իրավասության սահմաններում մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների նկատմամբ մաքսասակագնային կարգավորման միջոցների և արգելքների ու սահմանափակումների կիրառման ապահովում.
6) իրենց իրավասության սահմաններում մաքսային կարգավորման բնագավառում անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ապահովում և մաքսային սահմանով ապրանքաշրջանառության արագացման համար պայմանների ստեղծում.
7) իրենց իրավասության սահմաններում Մաքսային միության անդամ պետությունների ազգային անվտանգության, մարդու կյանքի և առողջության, կենդանական և բուսական աշխարհի, շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված միջոցների ապահովում, ինչպես նաև Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերին համապատասխան, մաքսային սահմանով Մաքսային միության անդամ պետությունների արժույթի, արժեթղթերի և (կամ) արժութային արժեքների, ճանապարհային չեկերի տեղափոխման նկատմամբ հսկողության իրականացման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման դեմ հակազդման միջոցների ապահովում.
(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)
8) վարչական իրավախախտումների և հանցագործությունների հայտնաբերում, կանխարգելում և կանխում Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.
9) իրենց իրավասության սահմաններում Մաքսային միության մաքսային տարածքում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության ապահովում.
10) մաքսային վիճակագրության վարում:
Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել մաքսային մարմինների կողմից իրագործման ենթակա նաև այլ խնդիրներ:
2. Մաքսային մարմինների համակարգը, նրանց իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև մաքսային մարմիններում ծառայության կարգը սահմանվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ: