Հոդված 62. Ապրանքների ծագման երկիրը հաստատող փաստաթղթեր ներկայացնելը
Հոդված 62. Ապրանքների ծագման երկիրը հաստատող փաստաթղթեր ներկայացնելը
1. Մաքսային միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման ժամանակ ապրանքների ծագման երկիրը հաստատող փաստաթուղթը ներկայացվում է այն դեպքում, երբ այդ ապրանքների ծագման երկրին Մաքսային միության տարածքում տրամադրվում են սակագնային առանձնաշնորհումներ՝ Մաքսային միության մաքսային օրենսդրության և (կամ) անդամ պետությունների միջազգային պայմանագրերին համապատասխան: Այդ դեպքում ապրանքների ծագման երկիրը հաստատող փաստաթուղթը մաքսային մարմիններին է ներկայացվում մաքսային հայտարարագիրը ներկայացնելու հետ միաժամանակ: Ընդ որում, սակագնային առանձնաշնորհումների տրամադրման համար կարող է պայման լինել Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը և (կամ) միջազգային պայմանագրերին համապատասխան՝ ապրանքի ծագման հավաստագիրը որոշակի ձևով ներկայացնելու անհրաժեշտությունը:
Մաքսատուրքերի, հարկերի և (կամ) ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման վրա ազդող՝ ապրանքների ծագման երկրի վերաբերյալ ներկայացված տեղեկությունների ոչ հավաստի լինելու փաստերի հայտնաբերման դեպքում մաքսային մարմիններն իրավունք ունեն պահանջելու ներկայացնել ապրանքների ծագման երկիրը հաստատող փաստաթուղթ:
2. Անկախ սույն հոդվածի 1-ին կետի դրույթներից, ապրանքների ծագման երկիրը հաստատող փաստաթուղթ ներկայացնելը չի պահանջվում՝
1) եթե Մաքսային միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքները հայտարարագրվում են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով կամ «ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով՝ մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ ազատմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ մաքսային մարմնի կողմից հայտնաբերվում են փաստեր այն մասին, որ ապրանքների ծագման երկիրն այն երկիրն է, որի ապրանքներն արգելված են Մաքսային միության մաքսային տարածք ներմուծման կամ դրա տարածքով տարանցման համար՝ ըստ Մաքսային միության մաքսային օրենսդրության կամ անդամ պետությունների օրենսդրության.
2) եթե ապրանքները մաքսային սահմանով տեղափոխվում են ֆիզիկական անձանց կողմից՝ սույն Օրենսգրքի 49-րդ գլխին համապատասխան.
3) եթե մաքսային սահմանով տեղափոխվող՝ միևնույն ժամանակ միևնույն եղանակով միևնույն առաքողի կողմից մեկ ստացողի հասցեով առաքված ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը չի գերազանցում Մաքսային միության հանձնաժողովի կողմից սահմանված գումարը.
4) Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում: