Հոդված 64. Ընդհանուր դրույթներ մաքսային արժեքի վերաբերյալ
Հոդված 64. Ընդհանուր դրույթներ մաքսային արժեքի վերաբերյալ
1. Մաքսային միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրին համապատասխան, որով կարգավորվում են մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքի որոշման հետ կապված հարցերը: Մաքսային միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է Մաքսային միության այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի մաքսային մարմնում է իրականացվում ապրանքների մաքսային հայտարարագրումը:
(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)
2. Մաքսային միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է, եթե ապրանքները փաստացի հատել են մաքսային սահմանը և մաքսային սահմանը հատելուց հետո այդ ապրանքները առաջին անգամ ձևակերպվում են մաքսային ընթացակարգով՝ բացառությամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի: Մաքսային ընթացակարգի փոփոխության դեպքում ապրանքների մաքսային արժեք է համարվում ապրանքների մաքսային արժեքը, որը մաքսային մարմնի կողմից մաքսային հայտարարագրի ընդունման օրվա դրությամբ՝ սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան սահմանվել է մաքսային սահմանը փաստացի հատելուց հետո դրանք մաքսային ընթացակարգով առաջին անգամ ձևակերպելու ժամանակ, եթե այլ բան սահմանված չէ Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ:
(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)
3. Ապրանքների մաքսային արժեքը որոշվում է հայտարարատուի կամ հայտարարատուի անունից և նրա հանձնարարությամբ գործող մաքսային ներկայացուցչի կողմից, իսկ սույն Օրենսգրքով սահմանված դեպքերում՝ մաքսային մարմնի կողմից:
4. Սույն գլխի դրույթները չեն տարածվում մաքսային սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների վրա:
5. Եթե ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ դրանց մաքսային արժեքի ճշգրիտ մեծությունը չի կարող որոշվել դրա հաշվարկման համար անհրաժեշտ ճշգրիտ տվյալները հաստատող փաստաթղթերի բացակայության պատճառով, ապա թույլատրվում է հետաձգել ապրանքների մաքսային արժեքի ճշգրիտ մեծության որոշումը: Այդ դեպքում թույլատրվում է դրա հայտարարագրումը՝ հայտարարատուի մոտ եղած փաստաթղթերի և տվյալների հիման վրա, և մաքսատուրքերի, հարկերի վճարումը՝ ելնելով հայտագրված մաքսային արժեքից:
Սույն կետի առաջին մասին համապատասխան մաքսային արժեքի որոշման դեպքերը, ինչպես նաև այդ դեպքերի համար մաքսային արժեքի հայտարարագրման և հսկողության կարգը, մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման և վճարման կարգը սահմանվում են Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ:
(5-րդ կետն ավելացվել է 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրությամբ)