Անցնել բովանդակությանը
Գլուխ 10 ·

Հոդված 81. Մաքսային սահմանով ապրանքների անօրինական տեղափոխման դեպքում մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության առաջացումն ու դադարումը և դրանց վճարման ժամկետը

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 81. Մաքսային սահմանով ապրանքների անօրինական տեղափոխման դեպքում մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության առաջացումն ու դադարումը և դրանց վճարման ժամկետը

1. Մաքսային սահմանով ապրանքների անօրինական տեղափոխման դեպքում ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունն առաջանում է Մաքսային միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման ժամանակ:

Մաքսային սահմանով ապրանքների անօրինական տեղափոխման դեպքում արտահանման մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունն առաջանում է Մաքսային միության մաքսային տարածքից ապրանքների արտահանման ժամանակ:

2. Մաքսային սահմանով ապրանքների անօրինական տեղափոխման դեպքում մաքսատուրքերի, հարկերի վճարման համապարտ պարտավորություն է առաջանում անօրինական կերպով ապրանքները տեղափոխող անձանց, անօրինական տեղափոխման մեջ մասնակցող անձանց համար, եթե նրանք գիտեին կամ պետք է իմանային այդ տեղափոխման անօրինականության մասին, իսկ Մաքսային միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման դեպքում՝ նաև այն անձանց համար, որոնք սեփականության կամ տիրապետման իրավունքով ձեռք են բերել անօրինական ներմուծված ապրանքները, եթե ձեռքբերման պահին նրանք գիտեին կամ պետք է իմանային ներմուծման անօրինականության մասին:

3. Մաքսային սահմանով ապրանքների անօրինական տեղափոխման դեպքում մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը դադարում է սույն հոդվածի 2-րդ կետով նշված անձանց համար՝ սույն Օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում:

4. Մաքսային սահմանով ապրանքների անօրինական տեղափոխման դեպքում, բացառությամբ սույն կետի երկրորդ մասում նշված դեպքի, մաքսատուրքերի, հարկերի վճարման ժամկետ է համարվում ապրանքները մաքսային սահմանը հատելու օրը, իսկ եթե այդ օրը որոշված չէ՝ մաքսային սահմանով ապրանքների անօրինական տեղափոխման փաստի հայտնաբերման օրը:

Ոչ հավաստի հայտարարագրմամբ մաքսային սահմանով ապրանքների անօրինական տեղափոխման դեպքում մաքսատուրքերի, հարկերի վճարման ժամկետ է համարվում մաքսային մարմնի կողմից մաքսային հայտարարագիրը գրանցելու օրը, որը տրվել է ապրանքները մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար՝ բացառությամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի:

(4-րդ կետը՝ 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

5. Մաքսային սահմանով ապրանքների անօրինական տեղափոխման դեպքում, բացառությամբ սույն կետի երկրորդ մասում նշված դեպքի, մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման՝

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

1) մաքսային տարածք ապրանքների ներմուծման դեպքում՝ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի այն գումարներին համապատասխանող չափով, որոնք ենթակա կլինեին վճարման այդ ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս՝ առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման գծով առանձնաշնորհումների և արտոնությունների հաշվառման՝ հաշվարկված մաքսատուրքերի, հարկերի այն դրույքաչափերով և այն փոխարժեքներով, որոնք սահմանվում են Մաքսային միության այն անդամ պետության օրենսդրությամբ, որի մաքսային մարմնի կողմից իրականացվում է մաքսատուրքերի, հարկերի բռնագանձումը, և որոնք գործում են ապրանքները մաքսային սահմանը հատելու օրվա դրությամբ, իսկ եթե այդ օրը որոշված չէ՝ մաքսային սահմանով ապրանքների անօրինական տեղափոխման փաստի հայտնաբերման օրվա դրությամբ.

2) մաքսային տարածքից ապրանքների արտահանման դեպքում՝ արտահանման մաքսատուրքերի այն գումարներին համապատասխանող չափով, որոնք ենթակա կլինեին վճարման այդ ապրանքները «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս՝ առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման գծով առանձնաշնորհումների և արտոնությունների հաշվառման՝ հաշվարկված մաքսատուրքերի այն դրույքաչափերով և այն փոխարժեքներով, որոնք սահմանվում են Մաքսային միության այն անդամ պետության օրենսդրությամբ, որի մաքսային մարմնի կողմից իրականացվում է մաքսատուրքերի, հարկերի բռնագանձումը, և որոնք գործում են ապրանքները մաքսային սահմանը հատելու օրվա դրությամբ, իսկ եթե այդ օրը որոշված չէ՝ մաքսային սահմանով ապրանքների անօրինական տեղափոխման փաստի հայտնաբերման օրվա դրությամբ:

Մաքսային սահմանով ապրանքների՝ ոչ հավաստի հայտարարագրմամբ անօրինական տեղափոխման դեպքում մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման մաքսատուրքերի, հարկերի այն գումարներին համապատասխանող չափով, որոնք ենթակա կլինեին վճարման հավաստի տեղեկությունների հիման վրա այդ ապրանքները հայտագրված մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում այն օրվա դրությամբ, երբ մաքսային մարմինների կողմից գրանցվում է ապրանքները մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար տրված մաքսային հայտարարագիրը, բացառությամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի: Ընդ որում, մաքսային հայտարարագրման ժամանակ փաստացի վճարված մաքսատուրքերի, հարկերի գումարները երկրորդ անգամ չեն վճարվում (բռնագանձվում), իսկ մաքսատուրքերի, հարկերի՝ հաշվարկվածից ավելի վճարված (բռնագանձված) գումարները ենթակա են վերադարձման սույն Օրենսգրքին համապատասխան:

(երկրորդ մասն ավելացվել է 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրությամբ)

6. Մաքսային սահմանով ապրանքների անօրինական տեղափոխման դեպքում մաքսատուրքերը, հարկերը հաշվարկվում են սույն գլխին համապատասխան:

Եթե ապրանքների բնույթի, դրանց անվանման, քանակի, ծագման երկրի և մաքսային արժեքի վերաբերյալ ճշգրիտ տվյալներ մաքսային մարմին ներկայացված չլինելու պատճառով վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի գումարները հնարավոր չէ որոշել, ապա մաքսատուրքերի, հարկերի գումարները որոշվում են ելնելով մաքսատուրքերի, հարկերի դրույքաչափերի ամենաբարձր մեծությունից, ինչպես նաև ապրանքների քանակից և (կամ) արժեքից, որոնք կարող են որոշվել առկա տվյալների հիման վրա:

Ապրանքների մասին ճշգրիտ տեղեկությունները հետագայում որոշվելու դեպքում կատարվում է մաքսատուրքերի, հարկերի՝ հաշվարկվածից ավելի վճարված կամ հաշվարկվածից ավելի բռնագանձված գումարների վերադարձ կամ չվճարված գումարների գանձում, սույն Օրենսգրքի 13-րդ և 14-րդ գլուխներին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։