Հոդված 41. ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ՍԱՌԵՑՈՒՄԸ (ՄՈՐԱՏՈՐԻՈՒՄ)
Հոդված 41. ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ՍԱՌԵՑՈՒՄԸ (ՄՈՐԱՏՈՐԻՈՒՄ)
1. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից մինչև դատարանի թույլտվությունը սառեցվում է պարտատերերի պահանջների բավարարումը: Այդ պահից կասեցվում են պարտատերերի բոլոր գործողությունները, որոնք ուղղված են պարտապանի նկատմամբ պահանջների բավարարմանը:
2. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից`
ա) արգելվում է պարտապանի կողմից իր պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալը.
բ) արգելվում է առանց դատավորի որոշման պարտապանի գույքի, ինչպես նաև նրա մասնակցի (մասնակիցների) սեփականությունը հանդիսացող պարտապան կազմակերպությունում ունեցած բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայաբաժինների և օրենքներով սահմանված այլ արժեթղթերի) օտարումը, վարձակալության տալը, գրավադրումը կամ այլ ձևով ծանրաբեռնումը.
գ) կարճվում են գույքային բռնագանձումներով բոլոր կատարողական վարույթները, արգելվում են կատարողական և այլ փաստաթղթերով սահմանված անվիճելի կարգով գանձումները:
3. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից կասեցվում է դրամական պարտավորությունների (այդ թվում` ապահովված) և պարտադիր վճարումների, ներառյալ` հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար հաշվարկման, վճարման կամ գանձման ենթակա տուժանքների և այլ ֆինանսական պատժամիջոցների, ինչպես նաև վճարման ենթակա տոկոսների հաշվարկումը, վճարումը կամ գանձումը:
4. Մորատորիումի գործողությունը չի տարածվում միջանկյալ բաշխման ծրագրերով դատավորի կողմից թույլատրվող կառավարչի վարձատրության, վարչական և պարտապանի ընթացիկ գործունեության համար անհրաժեշտ այլ ծախսերի վրա:
5. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից կասեցվում են սնանկության վարույթին առնչվող կամ դրա ընթացքի վրա ազդող այն քաղաքացիական գործերի վարույթները, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ:
6. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից վերջինիս անունից ֆինանսական և այլ բնույթի հաշվետվություններ ներկայացնում է կառավարիչը: