Հոդված 82. ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 82. ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
1. Պարտատերերի պահանջները բավարարվում են հետևյալ հերթականությամբ`
ա) ապահովված պահանջները.
բ) կառավարչի վարձատրություն և վարչական ծախսերը, այդ թվում`
- գույքի պահպանման և տնօրինման համար անհրաժեշտ ծախսերը,
- վարչական աշխատողների աշխատավարձը,
- վարչական ապարատը պահպանելու համար այլ անհրաժեշտ ծախսերը,
- պարտադիր սոցիալական վճարումները, այդ թվում` գործատուի պարտադիր սոցիալական վճարումները.
գ) դատական ծախսերը.
դ) ընթացիկ անուղղակի հարկային պարտավորությունները` կապված պարտապանի գույքի վաճառքի հետ.
ե) չապահովված պահանջները, որոնք առաջացել են պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից` սույն օրենքով սահմանված կարգով իրականացված գործառնությունների (այդ թվում` գործունեության վերսկսման) հետևանքով.
զ) այն քաղաքացիների պահանջները, որոնց առջև պարտապանը պատասխանատվություն է կրում նրանց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու համար` համապատասխան պարբերական վճարումների կապիտալացման միջոցով, ինչպես նաև պարտապան քաղաքացու անչափահաս երեխաների համար անհրաժեշտ ծախսերը (ալիմենտները).
է) աշխատանքային պայմանագրերից բխող պահանջները (ներառյալ` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից մինչև լուծարումը առաջացող), բայց ոչ ավելի, քան պարտապանին սնանկ ճանաչելու պահին նախորդող 6 ամիսը, հեղինակային պայմանագրերով վարձատրությունների վճարումները և սույն հերթի պահանջների բավարարումից առաջացող պարտադիր սոցիալական վճարումները.
ը) չապահովված պարտատերերի պահանջները, ներառյալ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և համայնքների բյուջեների, սոցիալական ապահովության պետական հիմնադրամի նկատմամբ առաջացած պարտավորությունները, բացառությամբ ստորադաս չապահովված պարտատերերի պահանջների.
թ) ստորադաս չապահովված պարտատերերի պահանջները` համաձայն սույն օրենքի 83-րդ հոդվածի.
ժ) պարտապանի, հիմնադիրների, մասնակիցների, բաժնետերերի, անդամների կամ գործընկերների պահանջները:
2. Սույն հոդվածի 1-ին մասի «զ» կետով նախատեսված պարբերական վճարումների կապիտալացման միջոցով իրականացվող վճարումները հաշվարկվում են մինչև քաղաքացու 70 տարեկանը լրանալը, սակայն ոչ պակաս, քան 10 տարվա համար:
Եթե քաղաքացու տարիքը գերազանցում է 70-ը, ապա վճարումների կապիտալացման ժամանակահատվածը կազմում է 10 տարի: Քաղաքացու համաձայնությամբ պարտապանի նկատմամբ նրա` կապիտալացված վճարումներով պահանջի իրավունքը կարող է անցնել Հայաստանի Հանրապետությանը: Այդ դեպքում քաղաքացու հանդեպ պարտապանի համապատասխան վճարումներ կատարելու պարտավորությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով, փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը: