Հոդված 25. ԿԱՌԱՎԱՐՉԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 25. ԿԱՌԱՎԱՐՉԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Կառավարչի լիցենզիա կարող է տրվել այն ֆիզիկական անձին, որն ունի բարձրագույն կրթություն և լիցենզիա ստանալու համար դիմելու օրվան նախորդած վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 3 տարի վարել է որևէ կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության կազմակերպման ու ղեկավարման հետ կապված պաշտոններ կամ անցել է համապատասխան ստաժավորում կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունում: Ստաժավորումը կազմակերպում և իրականացնում, ինչպես նաև դրա անցկացման պայմանները որոշում է կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը: Ստաժավորման ժամկետը սահմանում է կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը, սակայն այն չի կարող պակաս լինել 6 ամսից:
2. Կառավարչի պաշտոնում չի կարող նշանակվել, իսկ նշանակված լինելու դեպքում ենթակա է ազատման այն անձը, որը`
ա) շահագրգիռ է պարտատերերի կամ պարտապանի նկատմամբ.
բ) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ծառայող է.
գ) քրեական գործով հանդես է գալիս որպես մեղադրյալ կամ ամբաստանյալ.
դ) նախկինում դատապարտվել է շահադիտական հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը մարված չէ.
ե) պարտապանի նկատմամբ ունի պահանջ կամ պարտավորություն.
զ) վերջին երեք տարիների ընթացքում սնանկ է ճանաչվել որպես անհատ ձեռնարկատեր.
է) սնանկության վերաբերյալ այլ գործերով չի փոխհատուցել կառավարչի պարտականությունների կատարման հետևանքով պարտատիրոջը կամ պարտապանին պատճառված վնասները.
ը) վերջին մեկ տարվա ընթացքում դատարանի կողմից վաղաժամկետ ազատվել է կառավարչի պարտականությունների կատարումից` սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգով.
թ) չի հանդիսանում կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անդամ, կամ կազմակերպությունը, որի անդամ է կառավարիչը, չի համապատասխանում սույն օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջներին կամ, չհանդիսանալով ինքնակարգավորվող կազմակերպության անդամ, չունի սույն օրենքով սահմանված չափով դեպոզիտ կամ քաղաքացիական պատասխանատվության համապատասխան չափով ապահովագրում:
3. Կառավարիչների լիցենզավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: