Հոդված 28. ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 28. ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ
1. Սույն օրենքի համաձայն` կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպություն է համարվում ոչ առևտրային կազմակերպություն համարվող իրավաբանական անձը, որի անդամ են հանդիսանում ոչ պակաս, քան 20 լիցենզավորված կառավարիչներ: Կառավարիչը կարող է լինել կառավարիչների ինքնակարգավորվող միայն մեկ կազմակերպության անդամ:
2. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունն ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից: Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունների պետական գրանցումն իրականացվում է պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից: Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության պետական գրանցման համար, բացի օրենքով սահմանված փաստաթղթերից, ներկայացվում են նաև տեղեկություններ նրա անդամների մասին և նրանց լիցենզիաների պատճենները, անդամների քաղաքացիական պատասխանատվության համապատասխան չափով ապահովագրումը կամ համապատասխան դեպոզիտի առկայությունն ապացուցող տեղեկություններ:
3. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը պետական գրանցման պահից 10-օրյա ժամկետում պարտավոր է հաշվառվել դատարանում` ներկայացնելով սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերի պատճենները: Սույն մասով նախատեսված փաստաթղթերով սահմանված տվյալների փոփոխության դեպքում կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունն այդ մասին անհապաղ հայտնում է դատարանին:
4. Օրենքի կամ իրավական այլ ակտերի պահանջների բազմակի կամ կոպիտ խախտումների համար կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը կարող է լուծարվել դատարանի որոշմամբ` շահագրգիռ անձանց դիմումով: