Հոդված 37. Ժառանգական գույքի պահպանության միջոցառումները
Հոդված 37. Ժառանգական գույքի պահպանության միջոցառումները
1. Ընդունող պետության իրավասու իշխանությունները, տեղեկության առկայության դեպքում, հնարավորինս կարճ ժամկետում հյուպատոսական հիմնարկին տեղեկացնում են Ներկայացվող պետության քաղաքացիների` Ընդունող պետությունում տեղի ունեցած մահվան բոլոր դեպքերի մասին և նրա խնդրանքով տալիս մահվան վկայական կամ մահվան փաստը հաստատող որևէ փաստաթղթի պատճենը:
2. Այն դեպքում, եթե Ներկայացվող պետության մահացած քաղաքացին ժառանգություն է թողել Ընդունող պետությունում, ապա Ընդունող պետության իրավասու իշխանությունները հնարավորինս կարճ ժամկետում հյուպատոսական հիմնարկին տեղեկացնում են ժառանգվող գույքի կազմի, ժառանգների, կտակն ստացողների, ինչպես նաև կտակի առկայության մասին:
3. Հյուպատոսական պաշտոնատար անձը կարող է ներկա լինել գույքացուցակի կազմմանը և ժառանգական գույքի կնքմանը, որը նշված է սույն հոդվածի 2-րդ կետում:
4. Եթե Ներկայացվող պետության որևէ քաղաքացի ստացել է Ընդունող պետությունում մահացած որևէ քաղաքացիական անձի գույքը ժառանգելու կամ ստանալու իրավունք, ապա, եթե նույնիսկ Ներկայացվող պետության այդ քաղաքացին Ընդունող պետության սահմաններից դուրս է գտնվում, Ընդունող պետության իրավասու իշխանությունները իրենց մոտ տեղեկության առկայության դեպքում պետք է հյուպատոսական հիմնարկին ծանուցեն այն մասին, որ Ներկայացվող պետության տվյալ քաղաքացին ժառանգորդն է կամ կտակը ստացողը:
5. Հյուպատոսական պաշտոնատար անձը կարող է Ներկայացվող պետության քաղաքացու անունից դատարանից, այլ իշխանություններից կամ առանձին անձանցից ստանալ որևէ անձի մահվան հետևանքով այդ քաղաքացուն հասնող դրամը կամ այլ գույքը, ներառյալ` ժառանգությունը, փոխհատուցման և ապահովագրության հասնող գումարների վճարը և այդ փողերն ու գույքը հանձնել հիշյալ քաղաքացուն:
6. Ներկայացվող պետության` ժամանակավորապես Ընդունող պետությունում գտնվող քաղաքացու մահվան դեպքում, ինչպես նաև եթե մահացածը Ընդունող պետությունում չունի ազգականներ կամ իր ներկայացուցիչները, և ի լրումն դրա, նրա թողած իրերը կապված չեն Ընդունող պետությունում գտնվելու ժամանակ մահացածի ստանձնած պարտավորությունների հետ, ապա հյուպատոսական պաշտոնատար անձը իրավունք ունի ստանալու, պահպանելու և ըստ նշանակման հանձնելու թողնված իրերը: