Հոդված 1. Սահմանումները
Հոդված 1. Սահմանումները
Սույն Կոնվենցիայում`
1) «հյուպատոսական հիմնարկ» նշանակում է` ցանկացած գլխավոր հյուպատոսություն, հյուպատոսություն, փոխհյուպատոսություն կամ հյուպատոսական գործակալություն,
2) «հյուպատոսական շրջան» նշանակում է` այն շրջանը, որը հյուպատոսական հիմնարկին հատկացված է իր պարտականությունների կատարման համար,
3) «հյուպատոսական հիմնարկի ղեկավար» նշանակում է` անձ, որին հանձնարարված է հանդես գալ որպես այդպիսին,
4) «հյուպատոսական պաշտոնատար անձ» նշանակում է` ցանկացած անձ, ներառյալ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը, որին հանձնարարված է հյուպատոսական գործառույթների կատարումը` որպես այդպիսին,
5) «հյուպատոսական հիմնարկի աշխատակից» նշանակում է` հյուպատոսական հիմնարկում վարչական կամ տեխնիկական պարտականություններ կատարող ցանկացած անձ,
6) «անձնակազմին սպասարկող աշխատող» նշանակում է` հյուպատոսական հիմնարկի սպասարկման գծով պարտականություններ կատարող ցանկացած անձ,
7) «հյուպատոսական հիմնարկի աշխատողներ» նշանակում է` հյուպատոսական պաշտոնատար անձինք, հյուպատոսական հիմնարկի աշխատակիցներ և սպասարկող անձնակազմի աշխատողներ,
8) «հյուպատոսական անձնակազմի աշխատողներ» նշանակում է` հյուպատոսական պաշտոնատար անձինք (բացառությամբ հյուպատոսական հիմնարկի ղեկավարի), ինչպես նաև հյուպատոսական հիմնարկի աշխատակիցներ և սպասարկող անձնակազմի աշխատողներ,
9) «մասնավոր տնային աշխատող» նշանակում է` բացառապես հյուպատոսական հիմնարկի աշխատողի մոտ մասնավոր ծառայության մեջ գտնվող անձ,
10) «հյուպատոսական շինություններ» նշանակում է` բացառապես հյուպատոսական հիմնարկի համար օգտագործվող շենքը կամ շենքերի մի մասը և տվյալ շենքը կամ շենքերի մի մասը սպասարկող հողակտորը, ում էլ որ պատկանելիս լինի դրանց սեփականության իրավունքը,
11) «հյուպատոսական արխիվները» ընդգրկում են հյուպատոսական հիմնարկի բոլոր թղթերը, փաստաթղթերը, թղթակցությունները, գրքերը, ֆիլմերը, ձայներիզները, սկավառակներն ու ցուցակները` ծածկագրերի ու գաղտնագրերի, քարտարանների և կահավորանքի ցանկացած առարկայի հետ մեկտեղ, որոնք նախատեսված են դրանց պահպանվածությունն ապահովելու կամ պահելու համար,
12) «Ներկայացվող պետության նավ» նշանակում է` ցանկացած նավ, բացառությամբ ռազմանավերի, որը գրանցված է Ներկայացվող պետության օրենսդրությանը համապատասխան և իրավունք ունի նավարկելու Ներկայացվող պետության դրոշի տակ,
13) «Ներկայացվող պետության օդանավ» նշանակում է` ցանկացած թռչող սարք, բացառությամբ ռազմական թռչող սարքերի, որը գրանցված է Ներկայացվող պետության օրենսդրությանը համապատասխան և իրավունք ունի կրելու այդ պետության տարբերիչ նշանները,
14) «Ներկայացվող պետության քաղաքացի» նշանակում է` Ներկայացվող պետության քաղաքացիություն ունեցող ցանկացած ֆիզիկական անձ. կիրառելի դեպքերում նաև նշանակում է Ներկայացվող պետության ցանկացած իրավաբանական անձ,
15) «ընտանիքի անդամ» նշանակում է` հյուպատոսական հիմնարկի աշխատողի կինը (ամուսինը), երեխաները և ծնողները, որոնք ապրում են նրա հետ և նրա խնամքի տակ են գտնվում: