Հոդված 34. Հարաբերությունները ներկայացվող պետության քաղաքացիների հետ
Հոդված 34. Հարաբերությունները ներկայացվող պետության քաղաքացիների հետ
1. Հյուպատոսական պաշտոնատար անձը կարող է Ներկայացվող պետության քաղաքացիների հետ հանդիպել ու առնչվել, նրանց խորհուրդներ տալ և ամենայն աջակցություն ցուցաբերել` ներառյալ նրանց իրավական օգնություն ցույց տալու համար միջոցներ ձեռնարկելը: Հյուպատոսական պաշտոնատար անձը կարող է Ընդունող պետության տարածքում մշտական բնակվող կամ ժամանակավորապես գտնվող` Ներկայացվող պետության անհայտ կորած քաղաքացիների հետախուզմանն աջակցելու համար դիմել Ընդունող պետության իրավասու իշխանություններին: Ընդունող պետությունը ամենևին չի սահմանափակում Ներկայացվող պետության քաղաքացիների հարաբերությունները հյուպատոսական հիմնարկի հետ և նրանց մուտքը հյուպատոսական հիմնարկ:
2. Այն դեպքում, եթե Ներկայացվող պետության քաղաքացին հյուպատոսական շրջանի շրջաններում ձերբակալվել է, կալանավորվել կամ որևէ այլ ձևով ազատությունից զրկվել, ապա Ընդունող պետության իրավասու իշխանությունները պատահածից հետո չորս օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում են հյուպատոսական հիմնարկին:
3. Հյուպատոսական պաշտոնատար անձն իրավունք ունի այցելել Ներկայացվող պետության քաղաքացուն, որը ձերբակալվել է, կալանավորվել, որևէ այլ ձևով ազատությունից զրկվել կամ իր պատիժն է կրում բանտարկության մեջ, առնչվել նրա հետ, հանդիպել նրան: Իրավասու իշխանությունները, հյուպատոսական պաշտոնատար անձի խնդրանքով, պետք է Ներկայացվող պետության հիշյալ անձի հետ հյուպատոսական պաշտոնատար անձի հանդիպումը կազմակերպեն ծանուցումից հետո երեք օրվա ընթացքում: Հետագա այցելությունները կարող են իրականացվել դրանց միջև ընկած խելամիտ ժամանակամիջոցում:
4. Ներկայացվող պետության կալանավորված քաղաքացու կողմից հյուպատոսական հիմնարկին հասցեագրված ամեն մի հաղորդում Ընդունող պետության մարմինների կողմից անհապաղ հանձնվում է այդ հյուպատոսական հիմնարկին:
5. Ընդունող պետության իրավասու իշխանությունները պետք է Ներկայացվող պետության ձերբակալված, կալանավորված կամ որևէ այլ ձևով ազատազրկված քաղաքացուն անհապաղ տեղեկացնեն նրա իրավունքների մասին` սույն հոդվածի 1-ին և 3-րդ կետերի դրույթներին համապատասխան:
6. Սույն հոդվածում նախատեսված իրավունքներն իրականացվում են Ընդունող պետության օրենքներին ու կանոններին համապատասխան: Սակայն Ընդունող պետության օրենքների ու կանոնների կիրառումը չպետք է սահմանափակի սույն հոդվածում նախատեսված իրավունքների իրագործումը: