Հոդված 40. Պաշտպանություն ներկայացվող պետության օդանավի նկատմամբ գործադրվող հարկադրանքի միջոցներից
Հոդված 40. Պաշտպանություն ներկայացվող պետության օդանավի նկատմամբ գործադրվող հարկադրանքի միջոցներից
1. Այն դեպքում, եթե Ընդունող պետության դատական կամ այլ իրավասու իշխանությունները մտադիր են Ներկայացվող պետության օդանավի նկատմամբ հարկադրանքի միջոցներ ձեռնարկել կամ օդանավում պաշտոնական հետաքննություն անցկացնել, նրանք այդ մասին նախապես ծանուցում են հյուպատոսական հիմնարկին այն բանի համար, որ հյուպատոսական պաշտոնատար անձը կամ նրա ներկայացուցիչը կարողանան ներկա գտնվել այդպիսի գործողություններն իրականացնելիս: Եթե այդ մասին հյուպատոսական հիմնարկի նախնական ծանուցումը (հարցի հրատապության նկատառումով) ժամանակի սղության պատճառով հնարավոր չէ, ապա Ընդունող պետության իրավասու իշխանությունները ձեռնարկված վերոհիշյալ գործողություններից անմիջապես հետո ծանուցում են հյուպատոսական հիմնարկին և, հյուպատոսական պաշտոնատար անձի խնդրանքով, հնարավորինս կարճ ժամանակամիջոցում լրիվ տեղեկություն են տալիս այդ գործողությունների մասին:
2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները կիրառվում են նաև այն դեպքում, եթե օդանավի հրամանատարը կամ անձնակազմի անդամները Ընդունող պետության իրավասու իշխանությունների կողմից կանչվում են օդանավին վերաբերող հարցերով ցուցմունքներ տալու համար:
3. Բացառությամբ այն դեպքերի, երբ դա իրականացվում է Ներկայացվող պետության հյուպատոսական պաշտոնատար անձի կամ անձնակազմի հրամանատարի խնդրանքով կամ թույլտվությամբ, Ընդունող պետության դատական կամ այլ իրավասու մարմինները չեն միջամտում Ներկայացվող պետության օդանավի ներքին գործերին` պայմանով, որ դրանով հանդերձ չեն խախտվում Ընդունող պետության անդորրը ու անվտանգության ապահովմանը վերաբերող օրենքներն ու կանոնները:
4. Սույն հոդվածի դրույթները, սակայն, չեն կիրառվում մաքսային, անձնագրային կամ սանիտարական հսկողության ժամանակ, ինչպես նաև Ընդունող պետության իրավասու մարմինների կողմից ձեռնարկվող ցանկացած գործողության ժամանակ, որոնք կատարվել են օդանավի հրամանատարի խնդրանքով կամ համաձայնությամբ: Սույն հոդվածը չի շոշափում Կողմերի այն իրավունքներն ու պարտականությունները, որոնք բխում են նրանց միջև գործող բազմակողմ պայմանագրերից: