Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Գլուխ 15 · ԳՐԱՎԻ ԻՐԱՎՈՒՆՔ

Հոդված 249.1. Գրավի առարկայի վրա դատական կարգով բռնագանձում տարածելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 249.1 . Գրավի առարկայի վրա դատական կարգով բռնագանձում տարածելը

1. Սույն օրենսգրքի 249 հոդվածի 1-ին կետում նշված համաձայնության բացակայության դեպքում գրավ դրված գույքի հաշվին գրավառուի (պարտատիրոջ) պահանջները բավարարվում են դատարանի վճռով:

2. Գրավի առարկայի վրա բռնագանձում կարող է տարածվել միայն դատարանի վճռով, եթե գրավի առարկան օրենքով կամ այլ իրավական ակտով ճանաչված է հանրության համար նշանակալից պատմական, գեղարվեստական կամ մշակութային արժեք ունեցող գույք:

Եթե գրավի առարկան հանրության համար նշանակալից պատմական, գեղարվեստական կամ մշակութային արժեք ունեցող գույք է, ապա առանց դատարան դիմելու` գրավ դրված գույքի իրացման գումարի հաշվին գրավառուի պահանջները բավարարելու, ինչպես նաև գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավառուին կամ գրավառուի նշած երրորդ անձին ի սեփականություն հանձնելու վերաբերյալ թույլտվությունը կամ համաձայնությունն առ ոչինչ է:

(249.1 -ին հոդվածը լրաց. 04.10.05 ՀՕ-188-Ն)

&#9878Հոդված 250. Գրավ դրված գույքն իրացնելը (վաճառելը)

1. Գրավ դրված գույքն իրացվում (վաճառվում) է հրապարակային սակարկություններով` հրապարակային սակարկությունների մասին օրենքով սահմանված կարգով:

Նոտարական կարգով վավերացված գրավի պայմանագրով կամ գրավառուի և գրավատուի միջև կնքված ու նոտարական կարգով վավերացված համաձայնությամբ (բացառությամբ սույն օրենսգրքի 252.1-ին հոդվածով նախատեսված դեպքի) կարող է սահմանվել գրավ դրված գույքի իրացման (վաճառքի) այլ կարգ:

2. Գրավ դրված գույքի` օրենքով սահմանված կարգով իրացման (վաճառքի) ընթացքում, եթե աճուրդը չկայացած է համարվել աճուրդի ընթացքում որևէ մասնակցի կողմից գույքի մեկնարկային գնի ավելացում չկատարվելու պատճառով, գրավառուն յոթ օրվա ընթացքում իրավունք ունի պահանջել գրավ դրված գույքը գրավով ապահովված պարտավորության և իրացման (վաճառքի) փաստացի ծախսերի դիմաց հանձնել իրեն` վճարելով գրավ դրված գույքի իրացման (վաճառքի) ծախսերը: Եթե գրավ դրված գույքի` տվյալ պահին ձևավորված գինն ավելի է գրավով ապահովված պահանջի և գրավ դրված գույքի իրացման (վաճառքի) ծախսերի հանրագումարից, ապա գրավառուն պարտավոր է գրավատուին փոխհատուցել տարբերությունը, հակառակ դեպքում գրավառուն իրավունք ունի պակաս գումարն ստանալ պարտապանի այլ գույքից, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

3. Սույն հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերության և 2-րդ կետի կանոնները չեն կիրառվում հարկադիր կատարման ծառայության կողմից գրավ դրված գույքի իրացման (վաճառքի) նկատմամբ:

(250-րդ հոդվածը լրաց. 03.04.01 ՀՕ-164, խմբ. 31.03.03 ՀՕ-521-Ն, լրաց. 16.12.05 ՀՕ-13-Ն, 27.10.16 ՀՕ-190-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։