Հոդված 13
Հոդված 13
Բռնագրավման նպատակով միջազգային համագործակցությունը
1. Մասնակից պետությունը, որը մյուս Մասնակից պետությունից, որի իրավասության ներքո է գտնվում սույն Կոնվենցիայով ընդգրկված որևէ հանցագործություն, խնդրանք է ստացել սույն Կոնվենցիայի 12-րդ հոդվածի 1-ին կետում հիշատակված հանցագործություններից ստացված եկամուտների, գույքի, սարքավորումների կամ հանցագործության կատարման այլ միջոցների բռնագրավման մասին, որոնք գտնվում են նրա տարածքում, առավելագույն չափով, որքանով հնարավոր է իր ներքին իրավական համակարգի շրջանակներում`
ա) այդ խնդրանքն ուղարկում է իր իրավասու մարմիններին բռնագրավման վերաբերյալ որոշում ստանալու նպատակով և այդպիսի որոշում ընդունելու դեպքում ի կատար է ածում այն, կամ
բ) իր իրավասու մարմիններին է ուղարկում բռնագրավման մասին որոշումը, որը դատարանի կողմից սույն Կոնվենցիայի 12-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան, ընդունվել է հայցող Մասնակից պետության տարածքում՝ այն ծավալով կատարելու նպատակով, որը նշված է խնդրանքում, և այն չափով, որքանով այն վերաբերում է հայցվող Մասնակից պետության տարածքում գտնվող հանցագործություններից ստացված եկամուտներին, գույքին, սարքավորմանը կամ հանցագործությունների կատարման այլ միջոցներին, որոնք նշված են 12-րդ հոդվածի 1-ին կետում։
2. Մյուս Մասնակից պետության կողմից ուղարկված խնդրանքը ստանալուն պես, որի իրավասության տակ է գտնվում սույն Կոնվենցիայով ընդգրկված որևէ հանցագործություն, հայցվող Մասնակից պետությունը միջոցներ է ձեռնարկում սույն Կոնվենցիայի 12-րդ հոդվածի 1-ին կետում նշված հանցագործություններից ստացված եկամուտների, գույքի, սարքավորման կամ հանցագործության կատարման այլ միջոցների բացահայտման, հետախուզման, կալանքի կամ առգրավման համար՝ հետագա բռնագրավման նպատակով, որի մասին որոշումն ընդունվում է կամ հայցող Մասնակից պետության կամ սույն հոդվածի 1-ին կետի համաձայն արված խնդրանքին համապատասխան, հայցվող Մասնակից պետության կողմից։
3. Սույն Կոնվենցիայի 18-րդ հոդվածի դրույթները mսtatis mսtandis (պարտադիր) կիրառվում են սույն հոդվածի նկատմամբ։ Ի լրումն 18-րդ հոդվածի 15-րդ կետում նշված տեղեկության` սույն հոդվածի հիման վրա ուղարկված խնդրանքներում պարունակվում է.
ա) սույն հոդվածի 1 «ա» կետով նախատեսված խնդրանքի նկատմամբ՝ բռնագրավման ենթակա գույքի նկարագրությունը և դիմում այն փաստերի շարադրմամբ, որոնք վկայակոչում է հայցող Մասնակից պետությունը, և որոնք բավարար են այն բանի համար, որ հայցվող Մասնակից պետությունը կարողանա միջոցներ ձեռնարկել իր ներքին օրենսդրության համաձայն որոշումը կատարելու համար.
բ) սույն հոդվածի 1 «բ» կետով նախատեսված խնդրանքի նկատմամբ՝ հայցող Մասնակից պետության կողմից ընդունված բռնագրավման մասին որոշման իրավաբանորեն թույլատրելի պատճենը, որի վրա հիմնվում է խնդրանքը, դիմում՝ հայցվող որոշման կատարման ծավալի վերաբերյալ փաստերի և տեղեկության շարադրմամբ.
գ) սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված խնդրանքի նկատմամբ՝ դիմում՝ այն փաստերի շարադրմամբ, որոնք վկայակոչում է հայցող Մասնակից պետությունը, և հայցվող միջոցների նկարագրությունը։
4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նախատեսված որոշումները կամ միջոցները հայցվող Մասնակից պետության կողմից ընդունվում են նրա ներքին օրենսդրության դրույթներին և նրա դատավարական նորմերին կամ ցանկացած երկկողմ կամ բազմակողմ պայմանագրերին, համաձայնագրերին կամ պայմանավորվածություններին համապատասխան, որոնցով նա կարող է կապված լինել հայցող Մասնակից պետության հետ հարաբերություններում և դրանք պահպանելու պայմանով։
5. Յուրաքանչյուր Մասնակից պետություն Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ներկայացնում է սույն հոդվածի դրույթների իրականացումն ապահովող իր օրենքների և կանոնների տեքստերը, ինչպես նաև այդպիսի օրենքների և կանոնների ցանկացած հետագա փոփոխությունների տեքստերը կամ դրանց նկարագրությունը։
6. Եթե որևէ Մասնակից պետություն ցանկանա սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված միջոցների կատարումը պայմանավորել համապատասխան պայմանագրի առկայությամբ, ապա այդ Մասնակից պետությունը սույն Կոնվենցիան դիտում է որպես անհրաժեշտ և բավարար իրավապայմանագրային հիմք։
7. Մասնակից պետություններին կարող է մերժվել սույն հոդվածի համաձայն համագործակցությունը, եթե հանցագործությունը, որին վերաբերում է խնդրանքը, չի համարվում սույն Կոնվենցիայով ընդգրկվող հանցագործություն։
8. Սույն հոդվածի դրույթները չեն մեկնաբանվում որպես բարեխիղճ երրորդ կողմերին վնասող։
9. Սույն հոդվածի համաձայն իրականացվող միջազգային համագործակցության արդյունավետության բարձրացման համար Մասնակից պետությունները քննարկում են երկկողմ կամ բազմակողմ պայմանագրեր, համաձայնագրեր կամ պայմանավորվածություններ կնքելու հնարավորությունը։