Հոդված 2
Հոդված 2
Տերմինները
Սույն Կոնվենցիայի նպատակների համար`
ա) «կազմակերպված հանցավոր խումբ» նշանակում է` երեք և ավելի անձանցից կազմված կառուցվածքայնորեն ձևավորված խումբ, որը գոյություն ունի որոշակի ժամանակահատվածում և համաձայնեցված գործում է մեկ կամ մի քանի լուրջ հանցագործություններ կամ այնպիսի հանցագործություններ կատարելու նպատակով, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան` այն հաշվով, որ ուղղակիորեն կամ անուղղակիորեն ստանա ֆինանսական կամ այլ նյութական շահ.
բ) «լուրջ հանցագործություն» նշանակում է` այն հանցագործությունը, որը պատժվում է չորս տարուց ոչ պակաս ազատազրկմամբ ժամկետով կամ ավելի խիստ պատժաչափով.
գ) «կառուցվածքայնորեն ձևավորված խումբ» նշանակում է` այն խումբը, որը պատահականորեն չի կազմավորվել հանցագործության անհապաղ կատարման համար, և որում ոչ պարտադիր կերպով ձևականորեն որոշված են նրա անդամների դերերը, վերապահված է անդամակցության անընդհատ բնույթը կամ ստեղծված է զարգացած կառուցվածք.
դ) «գույք» նշանակում է` ցանկացած ակտիվները, լինի դրանք նյութական կամ ոչ նյութական, շարժական կամ անշարժ, որոնք արտահայտված են իրերում կամ իրավունքներում, ինչպես նաև իրավաբանական փաստաթղթերը կամ ակտերը, որոնք հաստատում են այդպիսի ակտիվների նկատմամբ իրավունքը կամ շահագրգռվածությունը դրանցում.
ե) «հանցագործությունից ստացված եկամուտներ» նշանակում է` ցանկացած գույքը, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ձեռք է բերվել կամ ստացվել է որևէ հանցագործության կատարման հետևանքով.
զ) «կալանք» կամ «առգրավում» նշանակում է` դատարանի կամ այլ իրավասու մարմնի որոշմամբ գույքի փոխանցումը, վերափոխումը, օտարումը կամ տեղաշարժը կամ այդպիսի գույքի ժամանակավոր տիրապետմանը անցնելը կամ դրա նկատմամբ ժամանակավոր վերահսկողության իրականացման ժամանակավոր արգելումը.
է) «բռնագրավում» նշանակում է` գույքից վերջնականորեն զրկումը դատարանի կամ այլ իրավասու մարմնի որոշմամբ.
ը) «հիմնական իրավախախտում» նշանակում է` ցանկացած իրավախախտում, որի հետևանքով ստացվել են եկամուտներ, որոնց նկատմամբ կարող են կատարվել սույն Կոնվենցիայի 6-րդ հոդվածում նշված արարքները, որոնք հանցակազմ են ձևավորում.
թ) «վերահսկելի մատակարարում» նշանակում է` մեթոդ, որի պայմաններում թույլատրվում է մեկ կամ մի քանի պետությունների տարածք արտահանել, անցկացնել կամ ներմուծել անօրինական կամ կասկած հարուցող բեռի խմբաքանակ նրանց իրավասու մարմինների գիտությամբ և հսկողության ներքո՝ որևէ հանցագործության քննության և այդ հանցագործության կատարմանը մասնակցող անձանց հայտնաբերման նպատակով.
ժ) «տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպություն» նշանակում է` այն կազմակերպությունը, որը ստեղծվել է որևէ տարածաշրջանի ինքնիշխան պետությունների կողմից, որին նրա անդամ պետությունները իրավասություններ են տվել սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերով, և որը, իր ներքին ընթացակարգերին համապատասխան, պատշաճորեն լիազորված է ստորագրել, վավերացնել, ընդունել, հաստատել սույն Կոնվենցիան կամ միանալ դրան. սույն Կոնվենցիայում «Մասնակից պետություններին» արված հղումներն այդպիսի կազմակերպություններին վերաբերում են նրանց իրավասության սահմաններում։