Հոդված 8
Հոդված 8
Կաշառակերության քրեականացումը
1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն ընդունում է այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, ինչպիսիք կարող են պահանջվել՝ այն հաշվով, որպեսզի իբրև քրեորեն պատժելի ճանաչվեն հետևյալ արարքները, եթե դրանք կատարվում են դիտավորությամբ.
ա) հանրային պաշտոնատար անձին անձամբ կամ միջնորդների միջոցով որևէ անիրավաչափ նախապատվություն խոստանալը, առաջարկելը կամ տրամադրելը հենց պաշտոնատար անձի կամ այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար՝ այն հաշվով, որ այդ պաշտոնատար անձն իրականացնի որևէ գործողություն կամ անգործություն իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս.
բ) հանրային պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդների միջոցով որևէ անիրավաչափ նախապատվություն շորթելը կամ ընդունելը հենց պաշտոնատար անձի կամ այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար՝ այն հաշվով, որ այդ պաշտոնատար անձը իրականացնի որևէ գործողություն կամ անգործություն իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս։
2. Յուրաքանչյուր Մասնակից պետություն ուսումնասիրում է այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ ընդունելու հնարավորությունը, ինչպիսիք կարող են պահանջվել՝ այն հաշվով, որ քրեորեն պատժելի ճանաչվեն այն արարքները, որոնք նշված են սույն հոդվածի 1-ին կետում, երբ դրանցում մասնակցում է որևէ օտարերկրյա հանրային պաշտոնատար անձ կամ միջազգային քաղաքացիական ծառայող։ Յուրաքանչյուր Մասնակից պետություն քննարկում է նաև կաշառակերության այլ ձևերը քրեորեն պատժելի ճանաչելու հնարավորությունը։
3. Յուրաքանչյուր Մասնակից պետություն ընդունում է նաև այնպիսի միջոցներ, ինչպիսիք կարող են պահանջվել՝ այն հաշվով, որ քրեորեն պատժելի ճանաչվեն որևէ այնպիսի հանցագործության կատարմանը որպես հանցակից մասնակցելը, որն այդպիսին է ճանաչվել սույն հոդվածին համապատասխան։
4. Սույն հոդվածի 1-ին կետի և սույն Կոնվենցիայի 9-րդ հոդվածի նպատակների համար «հանրային պաշտոնատար անձ» է հանդիսանում հանրային պաշտոնատար անձը կամ այն անձը, որը տրամադրում է որևէ հանրային ծառայություն, ինչպես դա սահմանվում է Մասնակից պետության ներքին օրենսդրությամբ, և ինչպես դա կիրառվում է այդ Մասնակից պետության ներքին օրենսդրությամբ, որտեղ տվյալ անձը այդպիսի գործառույթներ է իրականացնում, և ինչպես դա կիրառվում է այդ Մասնակից պետության քրեական օրենսդրության մեջ։