Հոդված 30
Հոդված 30
Այլ միջոցներ. սույն Կոնվենցիայի իրականացումը տնտեսական զարգացման և տեխնիկական օգնության միջոցով
1. Մասնակից պետությունները սույն Կոնվենցիայի լավագույն իրականացմանը նպաստող միջոցներ են ձեռնարկում, որքանով դա հնարավոր է, միջազգային համագործակցության միջոցով` հաշվի առնելով կազմակերպված հանցավորության բացասական հետևանքները հասարակության համար ընդհանրապես, այդ թվում՝ կայուն զարգացման համար։
2. Մասնակից պետությունները, որքանով դա հնարավոր է և միմյանց հետ, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցելով, որոշակի ջանքեր են ձեռնարկում հետևյալի համար.
ա) զարգացող երկրների հետ տարբեր մակարդակներով իրենց համագործակցությունն ակտիվացնելու՝ անդրազգային կազմակերպված հանցավորության կանխարգելման և դրա դեմ պայքարում այդ երկրների հնարավորություններն ամրապնդելու նպատակով.
բ) ֆինանսական և նյութական օգնությունն ընդլայնելու՝ զարգացող երկրների անդրազգային կազմակերպված հանցավորությանը արդյունավետ հակազդելու ջանքերին աջակցելու և սույն Կոնվենցիան հաջող իրականացնելու համար նրանց օգնություն ցույց տալու նպատակով.
գ) զարգացող երկրներին և անցումային տնտեսություն ունեցող երկրներին տեխնիկական օգնություն ցույց տալու՝ սույն Կոնվենցիայի իրականացման կապակցությամբ նրանց պահանջմունքների բավարարմանն աջակցելու նպատակով։ Դրա համար Մասնակից պետությունները ձգտում են պարբերական հիմունքներով բավարար կամավոր մուծումներ կատարել այն հաշվին, որը Միավորված ազգերի կազմակերպության կողմից ստեղծված ֆինանսավորման մեխանիզմների մեջ որոշակիորեն նախատեսված է այդ նպատակի համար։ Մասնակից պետությունները, իրենց ներքին օրենսդրությանը և սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան, կարող են նաև հատուկ քննարկել վերոհիշյալ հաշվին դրամական միջոցների որոշակի բաժնեմասի կամ հանցագործություններից ստացված այն եկամուտների կամ գույքի համապատասխան արժեքների փոխանցման հնարավորությունը, որոնք բռնագրավվել են սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան.
դ) այլ պետություններին և ֆինանսական հիմնարկներին խրախուսելու և համոզելու, պատշաճ դեպքերում, միանալու նրանց այն ջանքերին, որոնք նախատեսված են սույն հոդվածին համապատասխան, այդ թվում՝ զարգացող երկրների համար կադրերի պատրաստման ծրագրերի և ժամանակակից սարքավորումների ավելի մեծ ծավալի ապահովման միջոցով` այն հաշվով, որ նրանց օգնեն հասնելու սույն Կոնվենցիայի նպատակներին։
3. Որքանով դա հնարավոր է, այդ միջոցները վնաս չեն պատճառում օտարերկրյա օգնության վերաբերյալ գոյություն ունեցող պարտավորություններին կամ ֆինանսական համագործակցության վերաբերյալ երկկողմ, տարածաշրջանային կամ միջազգային մակարդակով ֆինանսական այլ պայմանավորվածություններին։
4. Մասնակից պետությունները կարող են կնքել նյութատեխնիկական օգնության մասին երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր կամ պայմանավորվածություններ` նկատի ունենալով այն ֆինանսական պայմանավորվածությունները, որոնք անհրաժեշտ են սույն Կոնվենցիայով նախատեսված միջազգային համագործակցության արդյունավետությունն ապահովելու համար, ինչպես նաև անդրազգային կազմակերպված հանցավորության կանխարգելման և դրա դեմ պայքարի համար։