Հոդված 39
Հոդված 39
Ուղղումներ
1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հինգ տարին լրանալուց հետո Մասնակից պետությունը կարող է ուղղում առաջարկել և այն ուղարկել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, որն այնուհետ առաջարկվող ուղղումը փոխանցում է Մասնակից պետություններին և Կոնվենցիայի Մասնակիցների խորհրդաժողովին՝ այդ առաջարկության քննարկման և դրա վերաբերյալ որոշում ընդունելու նպատակով։ Մասնակիցների խորհրդաժողովը բոլոր ջանքերը գործադրում է յուրաքանչյուր ուղղման վերաբերյալ համաձայնության գալու համար։ Եթե համաձայնության գալու բոլոր ջանքերն սպառվել են և համաձայնություն ձեռք չի բերվել, ապա, որպես ծայրահեղ միջոց, ուղղումն ընդունելու համար պահանջվում է այն Մասնակից պետությունների ձայների երկու երրորդի մեծամասնությունը, որոնք Մասնակիցների խորհրդաժողովի նիստին ներկա են և մասնակցում են քվեարկությանը։
2. Տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպություններն իրենց իրավասության բնագավառի մեջ մտնող հարցերով ձայնի իրենց իրավունքն իրականացնում են սույն հոդվածի համաձայն՝ ունենալով ձայների այնքան քանակ, որը հավասար է իրենց այն անդամ պետությունների քանակին, որոնք սույն Կոնվենցիայի Մասնակիցներ են համարվում։ Այդպիսի կազմակերպություններն իրենց ձայնի իրավունքը չեն իրականացնում, եթե դրանց անդամ պետությունները իրականացնում են իրենց ձայնի իրավունքը և ընդհակառակը։
3. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան ընդունված ուղղումը ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման Մասնակից պետությունների կողմից։
4. Սույն հոդվածի 1-ին կետի համապատասխան ընդունված ուղղումը Մասնակից պետության նկատմամբ ուժի մեջ է մտնում նրա կողմից այդպիսի ուղղման վավերագիրը կամ ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելու ամսաթվից հետո իննսուներորդ օրը։
5. Երբ ուղղումն ուժի մեջ է մտնում, այն պարտադիր է դառնում այն Մասնակից պետությունների համար, որոնք դրանով կապված լինելու համաձայնություն են արտահայտել։ Մյուս Մասնակից պետությունները շարունակում են կապված լինել սույն Կոնվենցիայի դրույթներով և նրանց կողմից նախկինում վավերացված, ընդունված կամ հաստատված ցանկացած ուղղումով։