Անցնել բովանդակությանը

Հոդված 16

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16

Հանձնում

1. Սույն հոդվածը կիրառվում է այն հանցագործությունների նկատմամբ, որոնք ընդգրկված են սույն Կոնվենցիայով, կամ այն դեպքերում, եթե 3-րդ հոդվածի 1 «ա» կամ «բ» կետում նշված հանցագործության կատարմանը առնչություն ունի կազմակերպված հանցավոր խումբը, և այն անձը, որի վերաբերյալ հայցվում է հանձնումը, գտնվում է հայցվող Մասնակից պետության տարածքում, պայմանով, որ արարքը, որի կապակցությամբ հայցվում է հանձնումը, քրեորեն պատժելի է համարվում ինչպես հայցող Մասնակից պետության, այնպես էլ հայցվող Մասնակից պետության ներքին օրենսդրությամբ։

2. Եթե հանձնման մասին խնդրանքը վերաբերում է մի քանի առանձին լուրջ հանցագործությունների, որոնցից մի քանիսը չեն ընդգրկվում սույն հոդվածով, ապա հայցվող Մասնակից պետությունը սույն հոդվածը կարող է կիրառել նաև այդ վերջին հանցագործությունների նկատմամբ։

3. Հանցագործություններից յուրաքանչյուրը, որոնց նկատմամբ կիրառվում է սույն հոդվածը, որպես հանցագործություն ընդգրկված է համարվում Մասնակից պետությունների միջև գոյություն ունեցող հանձնման մասին ցանկացած պայմանագրի մեջ, որը կարող է հանձնում առաջացնել։ Մասնակից պետությունները պարտավորվում են այդպիսի հանցագործությունները, որպես հանձնում առաջացնող հանցագործություններ, մտցնել հանձնման մասին ցանկացած պայմանագրի մեջ, որը կկնքվի նրանց միջև:

4. Եթե Մասնակից պետությունը, որը հանձնումը պայմանավորում է պայմանագրի առկայությամբ, հանձնման մասին խնդրանք է ստանում մյուս Մասնակից պետությունից, որի հետ նա հանձնման մասին պայմանագիր չունի, ապա նա սույն Կոնվենցիան կարող է դիտել որպես իրավական հիմք ցանկացած այնպիսի հանցագործության կապակցությամբ հանձնման համար, որի նկատմամբ կիրառվում է սույն հոդվածը։

5. Մասնակից պետությունները, որոնք հանձնումը պայմանավորում են պայմանագրի առկայությամբ`

ա) իրենց վավերագրերը կամ սույն Կոնվենցիայի ընդունման կամ հաստատման կամ դրան միանալու մասին փաստաթղթերն ի պահ հանձնելիս Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին հայտնում են այն մասին, թե սույն Կոնվենցիան իրենք օգտագործելո՞ւ են արդյոք որպես իրավական հիմք հանձնման հարցերով սույն Կոնվենցիայի մյուս Մասնակից պետությունների հետ համագործակցության համար, և

բ) եթե նրանք սույն Կոնվենցիան չեն օգտագործում որպես իրավական հիմք հանձնման հարցերով համագործակցության համար, ապա ձգտում են, պատշաճ դեպքերում, սույն Կոնվենցիայի մյուս Մասնակից պետությունների հետ հանձնման մասին պայմանագրեր կնքել սույն հոդվածի կիրառման նպատակով։

6. Մասնակից պետությունները, որոնք հանձնումը չեն պայմանավորում պայմանագրի առկայությամբ, միմյանց միջև հարաբերություններում այն հանցագործությունները, որոնց նկատմամբ կիրառվում է սույն հոդվածը, ճանաչում են որպես այնպիսի հանցագործություններ, որոնք կարող են հանձնում առաջացնել։

7. Հանձնումն իրականացվում է հայցվող Մասնակից պետության ներքին օրենսդրությամբ նախատեսվող պայմաններին կամ հանձնման մասին կիրառելի պայմանագրերին համապատասխան, ներառյալ այն պայմանները, որոնք կապված են հանձնման նկատմամբ նվազագույն պատժի պահանջների հետ, և այն հիմքերը, որոնցով հայցվող Մասնակից պետությունը կարող է մերժել հանձնումը։

8. Ցանկացած հանցագործության վերաբերյալ, որի նկատմամբ կիրառվում է սույն հոդվածը, Մասնակից պետությունները, իրենց ներքին օրենսդրությունը պահպանելու պայմանով, ջանք են գործադրում, որ արագացնեն հանձնման ընթացակարգերը և պարզեցնեն դրա հետ կապված ապացույցների տրամադրման վերաբերյալ պահանջները։

9. Իր ներքին օրենսդրության դրույթների և հանձնման մասին իր պայմանագրերի պահպանման պայմանով հայցվող Մասնակից պետությունը, համոզվելով նրանում, որ հանգամանքները դա են պահանջում և կրում են անհետաձգելի բնույթ և հայցող Մասնակից պետության խնդրանքով, կարող է կալանքի վերցնել իր տարածքում գտնվող այն անձին, որի հանձնումը հայցվում է, կամ ձեռնարկել այլ պատշաճ միջոցներ՝ հանձնման ընթացակարգի ժամանակ նրա ներկայությունն ապահովելու համար։

10. Մասնակից պետությունը, որի տարածքում է գտնվում հանցագործության կատարման մեջ կասկածվող անձը, եթե այդ անձին չի հանձնում այն հանցագործության կապակցությամբ, որի նկատմամբ սույն հոդվածը չի կիրառվում միայն այն բանի հիման վրա, որ նա հանդիսանում է նրա քաղաքացիներից մեկը, պարտավոր է, հանձնում հայցող Մասնակից պետության խնդրանքով, առանց չարդարացված ուշացումների գործը փոխանցել իր իրավասու մարմիններին՝ հետապնդման նպատակով։ Այդ մարմիններն ընդունում են իրենց որոշումը և վարույթն իրականացնում են նույն կարգով, ինչ այդ Մասնակից պետության ներքին օրենսդրության համաձայն ցանկացած վտանգավոր բնույթի այլ հանցագործության դեպքում։ Շահագրգիռ Մասնակից պետությունները միմյանց հետ համագործակցում են, մասնավորապես, դատավարական հարցերով և ապացուցման հարցերով՝ այդպիսի հետապնդման արդյունավետության ապահովման նպատակով։

11. Բոլոր այն դեպքերում, երբ Մասնակից պետությանը, նրա ներքին օրենսդրության համաձայն, թույլատրվում է իր քաղաքացիներից որևէ մեկին հանձնել կամ որևէ այլ ձևով փոխանցել միայն այն պայմանով, որ այդ անձը պետք է վերադարձվի այդ պետություն այն պատիժը կրելու համար, որը նշանակվել է այնպիսի դատաքննության կամ վարույթի արդյունքում, որոնց կապակցությամբ հայցվել է այդ անձի հանձնումը կամ փոխանցումը, և այդ Մասնակից պետությունը, ինչպես և այդ անձի հանձնումը հայցող Մասնակից պետությունը համաձայնել են այդպիսի կարգի և այլ պայմանների հետ, որոնք նրանց կողմից կարող են պատշաճ համարվել, ապա այդպիսի պայմանական հանձնումը կամ փոխանցումը բավարար են համարվում սույն հոդվածի 10-րդ կետով սահմանված պարտավորության կատարման համար։

12. Եթե հանձնումը, որը հայցվում է դատավճիռն ի կատար ածելու նպատակով, մերժվում է, քանի որ հետախուզվող անձը հանդիսանում է հայցվող Մասնակից պետության քաղաքացի, ապա հայցվող Մասնակիցը, եթե նրա ներքին օրենսդրությունը դա թույլատրում է, և եթե դա համապատասխանում է այդպիսի օրենսդրության պահանջներին, հայցող Մասնակցի դիմումով քննում է այն դատավճիռը կամ դատավճռի մնացած մասն ի կատար ածելու հարցը, որը արձակվել է հայցող Մասնակցի ներքին օրենսդրության համաձայն։

13. Ցանկացած անձի, որի գործով քննություն է իրականացվում որևէ այնպիսի հանցագործության կապակցությամբ, որի նկատմամբ կիրառվում է սույն հոդվածը, վարույթի ցանկացած փուլում երաշխավորվում է արդարացի վերաբերմունք, ներառյալ այն բոլոր իրավունքների և երաշխիքների իրականացումը, որոնք նախատեսված են այն Մասնակից պետության ներքին օրենսդրությամբ, որի տարածքում այդ անձը գտնվում է։

14. Ոչինչ սույն Կոնվենցիայում չի մեկնաբանվում որպես հանձնման պարտավորություն սահմանող, եթե հայցվող Մասնակից պետությունն էական հիմքեր ունի ենթադրելու, որ հանձնման մասին խնդրանքը նպատակ ունի հետապնդելու կամ պատժելու որևէ անձի` նրա սեռի, ռասայի, դավանանքի, քաղաքացիության, էթնիկական ծագման կամ քաղաքական համոզմունքների պատճառով, կամ որ այդ խնդրանքի բավարարումն այդ անձի դրությունը կվնասեր այդ պատճառներից որևէ մեկով։

15. Մասնակից պետությունները չեն կարող մերժել հանձնման մասին խնդրանքի կատարումը միայն այն հիմքով, որ հանցագործությունը համարվում է կապված նաև հարկային հարցերի հետ։

16. Մինչև հանձնման մերժումը հայցվող Մասնակից պետությունը, պատշաճ դեպքերում, խորհրդակցություններ է անցկացնում հայցող Մասնակից պետության հետ՝ այն հաշվով, որ նրան բավարար հնարավորություն տրվի իր կարծիքը շարադրելու և իր խնդրանքում շարադրված փաստերի հետ առնչություն ունեցող տեղեկություն ներկայացնելու համար։

17. Մասնակից պետությունները ձգտում են կնքել երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր կամ պայմանավորվածություններ՝ հանձնումն իրականացնելու կամ արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։