Անցնել բովանդակությանը

Հոդված 18

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18

Փոխադարձ իրավական օգնությունը

1. Մասնակից պետությունները միմյանց ամենալայն իրավական օգնություն են ցույց տալիս այն հանցագործությունների հետ կապված քննության, քրեական հետապնդման և դատաքննության գործում, որոնք ընդգրկվում են սույն Կոնվենցիայով, ինչպես դա նախատեսված է 3-րդ հոդվածով և փոխադարձության հիման վրա, միմյանց նմանօրինակ այլ օգնություն են տրամադրում, եթե հայցող Մասնակից պետությունը ողջամիտ հիմքեր ունի կասկածելու, որ 3-րդ հոդվածի «ա» և «բ» կետերում նշված հանցագործությունն իր բնույթով անդրազգային է համարվում և, այդ թվում` որ տուժողները, վկաները, եկամուտները, հանցագործությունների կատարման միջոցները կամ այդպիսի հանցագործությունների վերաբերյալ ապացույցները գտնվում են հայցվող Մասնակից պետությունում, ինչպես նաև` որ այդ հանցագործության կատարմանը առնչություն ունի կազմակերպված հանցավոր խումբը։

2. Փոխադարձ իրավական օգնությունը տրամադրվում է այն ծավալով, որն առավելագույնս հնարավոր է հայցվող Մասնակից պետության համապատասխան օրենքների, պայմանագրերի և պայմանավորվածությունների համաձայն` այն հանցագործությունների կապակցությամբ քննության, քրեական հետապնդման և դատաքննության վերաբերյալ, որոնց կատարման համար հայցող Մասնակից պետությունում, սույն Կոնվենցիայի 10-րդ հոդվածին համապատասխան, կարող է պատասխանատվության ենթարկվել իրավաբանական անձը։

3. Սույն Կոնվենցիայի համապատասխան տրամադրվող փոխադարձ իրավական օգնությունը կարող է հայցվել հետևյալ ցանկացած նպատակներով.

ա) առանձին անձանցից վկայի ցուցմունքներ կամ դիմումներ ստանալու համար.

բ) դատական փաստաթղթեր հանձնելու համար.

գ) խուզարկություն անցկացնելու և առգրավում կամ կալանք կատարելու համար.

դ) օբյեկտները և տեղանքը զննելու համար.

ե) տեղեկություն, ապացույցներ և փորձագետների գնահատականներ տրամադրելու համար.

զ) համապատասխան փաստաթղթերի և նյութերի բնօրինակները և հաստատված պատճենները տրամադրելու համար, ներառյալ կառավարական, բանկային, ֆինանսական, կորպորատիվ և առևտրային փաստաթղթերը.

է) հանցագործությունից ստացված եկամուտները, գույքը, հանցագործությունների կազմակերպման միջոցները կամ ապացուցման նպատակների համար այլ առարկաները բացահայտելու կամ հետախուզելու համար.

ը) հայցող Մասնակից պետության մարմիններ համապատասխան անձանց կամավոր ներկայանալուն աջակցելու համար.

թ) ցանկացած այլ տեսակի օգնություն ցույց տալու համար, որը չի հակասում հայցվող Մասնակից պետության ներքին օրենսդրությանը։

4. Առանց ներքին օրենսդրությանը վնասելու Մասնակից պետության իրավասու մարմինները, առանց նախնական խնդրանքի, մյուս Մասնակից պետությունում գտնվող իրավասու մարմնին կարող են քրեաիրավական հարցերին վերաբերող տեղեկություն փոխանցել այն դեպքերում, երբ նրանք գտնում են, որ այդպիսի տեղեկությունը այդ մարմնին կարող է օգնել քննություն կամ քրեական հետապնդում իրականացնելու կամ հաջող ավարտելու գործում կամ կարող է հանգեցնել այդ Մասնակից պետության կողմից սույն Կոնվենցիային համապատասխան կազմված խնդրանքին։

5. Սույն հոդվածի 4-րդ կետի համապատասխան տեղեկության փոխանցումը իրականացվում է առանց վնասելու պետությունում այն մարմինների քննությանը և քրեական հետապնդմանը, որոնք տեղեկություն են տրամադրում։ Տեղեկությունը ստացող իրավասու մարմինները կատարում են այդ տեղեկության գաղտնի բնույթը պահպանելու մասին խնդրանքը, նույնիսկ ժամանակավոր հիմունքներով, կամ պահպանում են դրա օգտագործման նկատմամբ սահմանափակումները։ Դա, սակայն, չի խոչընդոտում տեղեկությունը ստացող Մասնակից պետությանը` իր տարածքում անցկացվող դատավարության ընթացքում հրապարակելու այն տեղեկությունը, որն արդարացնում է մեղադրյալին։ Այդպիսի դեպքում, մինչև տեղեկության հրապարակումը, տեղեկությունը ստացող Մասնակից պետությունը այն տրամադրող Մասնակից պետությանը ծանուցում է և, եթե այդ մասին խնդրանք է ստացվել, խորհրդակցություններ է անցկացնում տեղեկությունը տրամադրող Մասնակից պետության հետ։ Եթե, բացառիկ դեպքերում, նախօրոք ծանուցելն անհնարին է, ապա տեղեկությունը ստացող Մասնակից պետությունը այդպիսի հրապարակման մասին անհապաղ հայտնում է տեղեկությունը տրամադրած Մասնակից պետությանը։

6. Սույն հոդվածի դրույթները չեն շոշափում որևէ այլ պայմանագրով պարտավորությունները՝ լինեն դրանք երկկողմ թե բազմակողմ, որը լրիվ կամ մասնակիորեն կարգավորում է կամ կարգավորելու է փոխադարձ իրավական օգնությունը։

7. Սույն հոդվածի 9-29-րդ կետերը սույն հոդվածի հիման վրա ուղարկված խնդրանքների նկատմամբ կիրառվում են, եթե համապատասխան Մասնակից պետությունները կապված չեն փոխադարձ իրավական օգնության մասին որևէ պայմանագրով։ Եթե այդ Մասնակից պետությունները կապված են այդպիսի պայմանագրով, ապա կիրառվում են այդ պայմանագրի համապատասխան դրույթները, եթե միայն Մասնակից պետությունները չեն համաձայնում դրանց փոխարեն կիրառել սույն հոդվածի 9-29-րդ կետերը։ Մասնակից պետություններին հաստատակամորեն առաջարկվում է կիրառել այդ կետերը, եթե դա նպաստում է համագործակցությանը։

8. Մասնակից պետությունները չեն մերժում սույն հոդվածի համաձայն փոխադարձ իրավական օգնություն տրամադրելը բանկային գաղտնիքի հիման վրա։

9. Մասնակից պետությունները կարող են մերժել սույն հոդվածի համաձայն փոխադարձ իրավական օգնություն տրամադրելը համապատասխան արարքը երկուստեք որպես հանցագործություն ճանաչելու բացակայության հիման վրա։ Սակայն հայցվող Մասնակից պետությունը կարող է, եթե նա դա պատշաճ համարի, տրամադրել օգնություն, որի ծավալը նա որոշում է իր հայեցողությամբ՝ անկախ այն բանից, թե համապատասխան արարքը, հայցվող Մասնակից պետության ներքին օրենսդրության համաձայն, համարվո՞ւմ է արդյոք հանցագործություն։

10. Անձը, որը կալանքի տակ է գտնվում կամ ազատազրկման ձևով պատիժը կրում է մի Մասնակից պետության տարածքում, և որի ներկայությունը մյուս Մասնակից պետությունում պահանջվում է ինքնությունը պարզելու, ցուցմունքներ տալու կամ քննության, քրեական հետապնդման կամ դատաքննության ապացույցներ ստանալու համար այլ օգնություն ցույց տալու նպատակների համար այնպիսի հանցագործությունների կապակցությամբ, որոնք ընդգրկվում են սույն Կոնվենցիայով, կարող է փոխանցվել հետևյալ պայմանների պահպանումով.

ա) տվյալ անձը ազատորեն տալիս է դրա վերաբերյալ իր գիտակցված համաձայնությունը.

բ) երկու Մասնակից պետությունների իրավասու մարմինները համաձայնության են եկել այնպիսի պայմաններով, որոնք այդ Մասնակից պետությունները կարող են պատշաճ համարել։

11. Սույն հոդվածի 10-րդ կետի նպատակների համար`

ա) Մասնակից պետությունը, որին անձը փոխանցվում է, իրավունք ունի և պարտավոր է փոխանցված անձին պահել կալանքի տակ, եթե միայն Մասնակից պետությունը, որն այդ անձին փոխանցել է, այլ բան չի խնդրել կամ այլ բան չի թույլատրել.

բ) Մասնակից պետությունը, որին անձը փոխանցվում է, անհապաղ կատարում է այդ անձի այն Մասնակից պետության տրամադրության տակ վերադարձնելու իր պարտավորությունը, որը փոխանցել է այդ անձին, ինչպես դա ավելի վաղ համաձայնեցված է եղել, կամ ինչպես այն այլ ձևով համաձայնեցված է եղել երկու Մասնակից պետությունների իրավասու մարմինների կողմից.

գ) Մասնակից պետությունը, որին անձը փոխանցվում է, Մասնակից պետությունից, որը փոխանցել է այդ անձին, չի պահանջում, որ նրան վերադարձնելու համար հանձնման ընթացակարգ հարուցվի.

դ) փոխանցված անձի պատժի ժամկետի մեջ, որը նա կրում է իրեն փոխանցած պետությունում, հաշվարկվում է այն Մասնակից պետությունում կալանքի տակ գտնվելու ժամկետը, որին նա փոխանցվել է։

12. Առանց այն Մասնակից պետության համաձայնության, որը սույն հոդվածի 10-րդ և 11-րդ կետերի համապատասխան պետք է փոխանցի որևէ անձի, այդ անձը, անկախ նրա քաղաքացիությունից, չի ենթարկվում քրեական հետապնդման, կալանքի, պատժի կամ անձնական ազատության որևէ այլ սահմանափակման այն պետության տարածքում, որին այդ անձը փոխանցվում է՝ կապված մինչև նրան փոխանցող պետության տարածքից մեկնելն ընկած ժամանակահատվածին վերաբերող գործողության, անգործության կամ դատապարտման հետ։

13. Յուրաքանչյուր Մասնակից պետություն նշանակում է կենտրոնական մարմին, որը պատասխանատվություն է կրում փոխադարձ իրավական օգնության մասին խնդրանքները ստանալու կամ դրանց կատարման կամ դրանց կատարման համար իրավասու մարմիններին ուղարկելու համար և օժտված է համապատասխան լիազորություններով։ Եթե Մասնակից պետությունում գոյություն ունի հատուկ տարածաշրջան կամ տարածք փոխադարձ իրավական օգնություն ցույց տալու առանձին համակարգով, ապա նա կարող է նշանակել հատուկ կենտրոնական մարմին, որը պետք է կատարի այդ նույն գործառույթը այդ տարածաշրջանի կամ տարածքի վերաբերյալ։ Կենտրոնական մարմինները ապահովում են ստացված խնդրանքների օպերատիվ և պատշաճ կատարումը կամ վերաառաքումը։ Եթե կենտրոնական մարմինը կատարման համար խնդրանքն ուղարկում է իրավասու մարմնին, ապա նա աջակցում է իրավասու մարմնի կողմից այդ խնդրանքի օպերատիվ և պատշաճ կատարմանը։ Յուրաքանչյուր Մասնակից պետության կողմից իր վավերագիրը կամ սույն Կոնվենցիայի ընդունման կամ հաստատման կամ դրան միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը ծանուցվում է այդ նպատակով նշանակված կենտրոնական մարմնի մասին։ Փոխադարձ իրավական օգնություն ցույց տալու մասին խնդրանքները և դրանց վերաբերող ցանկացած հաղորդումներն ուղարկվում են Մասնակից պետությունների կողմից նշանակված կենտրոնական մարմիններին։ Այդ պահանջը չի վնասում Մասնակից պետության իրավունքին՝ պահանջելու, որ այդպիսի խնդրանքները և հաղորդումները իրեն ուղարկվեն դիվանագիտական ուղիներով և արտակարգ հանգամանքների դեպքում, երբ Մասնակից պետություններն այդ մասին պայմանավորվել են Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության միջոցով, եթե դա հնարավոր է:

14. Խնդրանքներն ուղարկվում են գրավոր կամ, եթե դա հնարավոր է, գրավոր գրանցում կատարելու հնարավորություն տրամադրող ցանկացած միջոցների օգնությամբ, հայցվող Մասնակից պետության համար ընդունելի լեզվով` այն պայմաններով, որոնք այդ Մասնակից պետությանը հնարավորություն կտան պարզելու նույնականությունը։

Վավերագիրը կամ սույն Կոնվենցիան ընդունելու կամ հաստատելու կամ դրան միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը ծանուցվում է այն լեզվի կամ լեզուների մասին, որոնք ընդունելի են յուրաքանչյուր Մասնակից պետության համար։ Արտակարգ հանգամանքների և Մասնակից պետությունների կողմից դա համաձայնեցվելու դեպքում խնդրանքները կարող են ուղարկվել բանավոր, սակայն դրանք անհապաղ հաստատվում են գրավոր։

15. Փոխադարձ իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ խնդրանքում նշվում են`

ա) խնդրանքով դիմող մարմնի անվանումը.

բ) հարցի էությունը և քննության, քրեական հետապնդման կամ դատաքննության բնույթը, որոնց վերաբերում է խնդրանքը, ինչպես նաև քննությունը, քրեական հետապնդումը կամ դատաքննությունը իրականացնող մարմնի անվանումը և գործառույթները.

գ) համապատասխան փաստերի համառոտ շարադրանքը, բացառությամբ այն բանի, ինչը վերաբերում է դատական փաստաթղթերի հանձնմանը.

դ) հայցվող օգնության նկարագրությունը և ցանկացած որոշակի ընթացակարգի մասին մանրամասն տեղեկությունը, որի պահպանումը կցանկանար ապահովել հայցող Մասնակից պետությունը.

ե) ըստ հնարավորության՝ տվյալներ ցանկացած համապատասխան անձի անձնավորության, գտնվելու վայրի և քաղաքացիության մասին.

զ) հայցվող ապացույցների, տեղեկության կամ միջոցների նպատակը։

16. Հայցվող Մասնակից պետությունը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություն, եթե այդ տեղեկությունը, իր ներքին օրենսդրությանը համապատասխան, անհրաժեշտ է համարվում խնդրանքը կատարելու համար, կամ եթե այդ տեղեկությունը կարող է հեշտացնել այդ խնդրանքի կատարումը։

17. Խնդրանքը կատարվում է հայցվող Մասնակից պետության ներքին օրենսդրությանը համապատասխան և այն չափով, որքանով դա չի հակասում հայցվող Մասնակից պետության ներքին օրենսդրությանը և ըստ հնարավորության, խնդրանքում նշված ընթացակարգերին համապատասխան։

18. Այն չափով, որքանով դա հնարավոր է և համապատասխանում է ներքին օրենսդրության հիմնարար սկզբունքներին, եթե որևէ անձ գտնվում է Մասնակից պետության տարածքում և որպես վկա կամ փորձագետ պետք է լսվի մյուս Մասնակից պետության դատական մարմինների կողմից, առաջին Մասնակից պետությունը, մյուս Մասնակից պետության խնդրանքով, կարող է թույլ տալ լսումն իրականացնել տեսակապի օգնությամբ, եթե համապատասխան անձի ներկայությունը հայցող Մասնակից պետության տարածքում հնարավոր կամ ցանկալի չի համարվում։ Մասնակից պետությունները կարող են պայմանավորվել, որ հայցող Մասնակից պետության դատական մարմնի կողմից լսումն իրականացվի հայցվող Մասնակից պետության դատական մարմնի ներկայացուցիչների ներկայությամբ։

19. Հայցող Մասնակից պետությունը չի փոխանցում և չի օգտագործում մեկ ուրիշ քննության, քրեական հետապնդման կամ դատաքննության իրականացման համար հայցվող Մասնակից պետության կողմից ներկայացված տեղեկությունը կամ ապացույցները, քան այն, որոնք նշված են խնդրանքում առանց դրա համար հայցվող Մասնակից պետության նախնական համաձայնության։ Սույն կետում ոչինչ չի խոչընդոտում հայցող Մասնակից պետությանն իր տարածքում անցկացվող դատավարության ընթացքում բացահայտել այն տեղեկությունը կամ ապացույցները, որոնք արդարացնում են մեղադրյալին։ Այդ դեպքում, մինչև տեղեկության կամ ապացույցների բացահայտումը, հայցող Մասնակից պետությունը ծանուցում է հայցվող Մասնակից պետությանը և, եթե այդ մասին խնդրանք է ստացվել, խորհրդակցություններ է անցկացնում հայցվող Մասնակից պետության հետ։ Եթե, բացառիկ դեպքերում, հնարավոր չէ նախօրոք ծանուցել, ապա հայցող Մասնակից պետությունն այդպիսի հրապարակման մասին անհապաղ ծանուցում է հայցվող Մասնակից պետությանը։

20. Հայցող Մասնակից պետությունը կարող է պահանջել, որ հայցվող Մասնակից պետությունը պահպանի խնդրանքի առկայության և էության գաղտնիությունը, բացառությամբ այն բանի, ինչն անհրաժեշտ է հենց խնդրանքը կատարելու համար։ Եթե հայցվող Մասնակից պետությունը չի կարող կատարել գաղտնիության մասին պահանջը, ապա նա այդ մասին անհապաղ հայտնում է հայցող Մասնակից պետությանը։

21. Փոխադարձ իրավական օգնություն ցույց տալը կարող է մերժվել.

ա) եթե խնդրանքը ներկայացված չի եղել սույն հոդվածի դրույթներին համապատասխան.

բ) եթե հայցվող Մասնակից պետությունը կարծում է, որ խնդրանքի կատարումը կարող է վնասել իր ինքնիշխանությանը, անվտանգությանը, հանրային կարգին կամ կենսականորեն կարևոր այլ շահերին.

գ) եթե հայցվող Մասնակից պետության ներքին օրենսդրությունը նրա մարմիններին արգելում է ցանկացած համանման հանցագործության վերաբերյալ իրականացնել հայցվող միջոցներ, եթե այդպիսի հանցագործությունը քննության, քրեական հետապնդման կամ դատաքննության առարկա հանդիսանար իր իրավասության սահմաններում.

դ) եթե խնդրանքի կատարումը հակասում է փոխադարձ իրավական օգնության առնչությամբ հայցվող Մասնակից պետության իրավական համակարգին։

22. Մասնակից պետությունները չեն կարող մերժել փոխադարձ իրավական օգնության մասին խնդրանքի կատարումը միայն այն հիմնավորմամբ, թե համարվում է, որ հանցագործությունը կապված է նաև հարկային հարցերի հետ։

23. Փոխադարձ իրավական օգնություն ցույց տալու ցանկացած մերժում պատճառաբանվում է։

24. Հայցվող Մասնակից պետությունը փոխադարձ իրավական օգնություն ցույց տալու մասին խնդրանքը կատարում է հնարավորինս կարճ ժամկետներում և, որքան հնարավոր է, ամբողջությամբ հաշվի է առնում հայցող Մասնակից պետության կողմից առաջարկված առավելագույն սահմանային ժամկետները, որոնք պատճառաբանված են, նախընտրելիորեն, հենց խնդրանքում։ Հայցվող Մասնակից պետությունը պատասխանում է հայցող Մասնակից պետության խնդրանքի կատարման ընթացքի վերաբերյալ ողջամիտ հարցումներին։ Հայցող Մասնակից պետությունը օպերատիվորեն հայտնում է հայցվող Մասնակից պետությանը, որ հայցվող օգնության անհրաժեշտություն այլևս չկա։

25. Հայցվող Մասնակից պետության կողմից կարող է հետաձգվել փոխադարձ իրավական օգնություն ցույց տալը այն հիմնավորումով, որ դա կխոչընդոտի իրականացվող քննությանը, քրեական հետապնդմանը կամ դատաքննությանը։

26. Մինչև սույն հոդվածի 21-րդ կետի համաձայն խնդրանքի կատարումը մերժելը կամ սույն հոդվածի 25-րդ կետի համաձայն դրա կատարումը հետաձգելը, հայցվող Մասնակից պետությունը խորհրդակցություններ է անցկացնում հայցող Մասնակից պետության հետ` այն նպատակով, որ որոշի՝ կարո՞ղ է արդյոք օգնությունը տրամադրվել այնպիսի ժամկետներում և այնպիսի պայմաններով, ինչպիսիք հայցվող Մասնակից պետությունը անհրաժեշտ է համարում։ Եթե հայցող Մասնակից պետությունը օգնությունն ընդունում է այդ պայմաններով, ապա նա պահպանում է այդ պայմանները։

27. Առանց սույն հոդվածի 12-րդ կետի կիրառմանը վնասելու, վկան, փորձագետը կամ այլ անձը, որը հայցող Մասնակից պետության խնդրանքով համաձայնում է ցուցմունք տալ դատավարության ընթացքում կամ օգնություն ցույց տալ հայցող Մասնակից պետության տարածքում իրականացվող քննության, քրեական հետապնդման կամ դատաքննության ընթացքում, այդ տարածքում չեն ենթարկվում քրեական հետապնդման, կալանքի, պատժի կամ իրենց անձնական ազատության որևէ այլ սահմանափակման` այն գործողությունների, անգործության կամ դատապարտման կապակցությամբ, որը վերաբերում է հայցվող Մասնակից պետության տարածքից մեկնելուն նախորդող ժամանակահատվածին։ Անձնական անվտանգության այդպիսի գործողությունը դադարեցվում է, եթե վկան, փորձագետը կամ այլ անձը տասնհինգ հաջորդական օրերի ընթացքում կամ Մասնակից պետությունների միջև համաձայնեցված այլ ժամկետում, սկսած այն ամիս-ամսաթվից, երբ այդ անձինք պաշտոնապես ծանուցված են եղել այն մասին, որ դատական մարմիններին իրենց ներկայությունն այլևս չի պահանջվում, հնարավորություն ունեին լքելու հայցող Մասնակից պետության տարածքը, բայց, այնուամենայնիվ, կամավոր մնացել են այդ տարածքում, կամ, լքելով այն, սեփական կամքով հետ են վերադարձել։

28. Խնդրանքի կատարման հետ կապված սովորական ծախսերը ծածկվում են հայցվող Մասնակից պետության կողմից, եթե շահագրգիռ Մասնակից պետությունները այլ բան չեն պայմանավորվել։ Եթե խնդրանքի կատարումը պահանջում է կամ կպահանջի էական կամ արտակարգ ծախսեր, ապա Մասնակից պետությունները խորհրդակցություններ են անցկացնում այն պայմանները, ինչպես նաև ծախսերը ծածկելու կարգը որոշելու նպատակով, որոնց հիման վրա խնդրանքը կատարվելու է։

29. Հայցվող Մասնակից պետությունը`

ա) հայցող Մասնակից պետությանը տրամադրում է իր ձեռքի տակ գտնվող և իր ներքին օրենսդրության համապատասխան հանրային իրազեկման համար բաց կառավարական նյութերի, փաստաթղթերի կամ տեղեկության պատճենները.

բ) իր հայեցողությամբ հայցող Մասնակից պետությանը կարող է լրիվ կամ մասամբ կամ այնպիսի պայմանների պահպանմամբ, ինչպիսիք նա պատշաճ կհամարի, տրամադրել ցանկացած կառավարական նյութերի, փաստաթղթերի կամ տեղեկության պատճենները, որոնք գտնվում են նրա տրամադրության տակ, և որոնք, նրա ներքին օրենսդրության համապատասխան, բաց են հանրային իրազեկման համար։

30. Մասնակից պետությունները, ըստ անհրաժեշտության, քննարկում են երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրերի կամ պայմանավորվածությունների կնքման հնարավորությունը, որոնք կհամապատասխանեին սույն հոդվածի նպատակներին, կապահովեին նրա գործողությունը պրակտիկայում կամ կամրապնդեին նրա դրույթները։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։