Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
փոխհատուցման (հակալրավճարային) տուրք՝ հատուկ տուրք, որը, որպես հակակշիռ, գանձվում է Հայաստանի Հանրապետության տարածք այն ապրանքների ներմուծման նկատմամբ, որոնց պատրաստման, արտադրման կամ արտահանման համար ծագման կամ արտահանող երկրի կառավարությունն ուղղակիորեն կամ անուղղակիորեն լրավճար է հատկացրել, որի արդյունքում վնաս է հասցվում Հայաստանի Հանրապետության տնտեսության ճյուղին.
հակագնագցման (հակադեմփինգային) տուրք` հատուկ տուրք, որը գանձվում է Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքի գնագցող ներմուծման նկատմամբ, եթե դրա արդյունքում վնաս է հասցվում Հայաստանի Հանրապետության տնտեսության ճյուղին.
տնտեսության ճյուղ` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այն արտադրողների ամբողջությունը, որոնք արտադրում են ուսումնասիրվող ապրանքին նման ապրանք, կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող արտադրողներից նրանք, ովքեր համատեղ թողարկում են Հայաստանի Հանրապետությունում նման ապրանքների ամբողջ արտադրության կեսից ավելին: Տնտեսության ճյուղը չի ներառում այն արտադրողներին, ովքեր կապված են արտահանողների կամ ներմուծողների հետ, կամ էլ իրենք են հանդիսանում ուսումնասիրության առարկա հանդիսացող ապրանքի ներմուծողներ:
Սույն օրենքի իմաստով արտադրողները կապված են համարվում արտահանողների կամ ներմուծողների հետ, եթե նրանցից մեկը վերահսկում է մյուսին, կամ նրանք երկուսն էլ վերահսկվում են երրորդի կողմից, կամ նրանք միասին վերահսկում են երրորդին և, միաժամանակ, առկա են փաստացի հիմքեր, որ արտադրողի վարքն այդ կապվածության հետևանքով տարբերվում է անկախ արտադրողի վարքից: Սույն օրենքի իմաստով համարվում է, որ մի անձը վերահսկում է մյուսին, եթե առաջինը՝ ըստ իր դիրքի, իրավականորեն կամ գործնականում կարող է սահմանափակել կամ ուղղորդել վերջինիս գործունեությունը.
կառավարություն՝ ծագման կամ արտահանող երկրի կառավարություն կամ համապատասխան իրավասությամբ այլ պետական կառավարման մարմին.
վնաս՝ տնտեսության ճյուղին հասցված նյութական վնաս կամ տնտեսության ճյուղին նյութական վնասի վտանգ, կամ տնտեսության ճյուղի ստեղծման էական կասեցում, եթե սույն օրենքում այլ կերպ հատկորոշված չէ.
շահագրգիռ կողմեր՝
- ուսումնասիրվող ապրանքն օտարերկրյա պետությունից արտահանողը(ները) կամ դրա օտարերկրյա արտադրողը(ները),
- ուսումնասիրվող ապրանք ներմուծողը(ները),
- հասարակական կազմակերպություն, որի անդամների մեծամասնությունն ուսումնասիրվող ապրանք արտադրողներ, արտահանողներ կամ ներմուծողներ են,
- արտահանող երկրի(ների) կառավարությունը(ները),
- Հայաստանի Հանրապետությունում նման ապրանք արտադրողները,
- հասարակական կազմակերպություն, որի անդամների մեծ մասը Հայաստանի Հանրապետությունում նման ապրանք արտադրողներ են.
ուսումնասիրվող ապրանք՝ հակագնագցման կամ փոխհատուցման միջոցների կիրառման նպատակով ուսումնասիրության առարկա հանդիսացող, Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանք.
նման ապրանք՝ ապրանք, որն իր բոլոր հատկանիշներով նույնական է ուսումնասիրվող ապրանքի հետ կամ իր հատկանիշներով շատ մոտ է ուսումնասիրվող ապրանքի հատկանիշներին.
լիազոր մարմին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմին, որն իրականացնում է սույն օրենքով նախատեսված գործառնությունները:
(3-րդ հոդվածը փոփ. 16.12.16 ՀՕ-28-Ն)