Անցնել բովանդակությանը
ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸԳլուխ 3 · ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԿԻՐԱՌՈՒՄՆ ՈՒ ԳԱՆՁՈՒՄԸ

Հոդված 60. Ժամանակավոր տուրքերի վերջնական գանձումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 60. Ժամանակավոր տուրքերի վերջնական գանձումը

1. Վերջնականորեն սահմանված հակագնագցման և (կամ) փոխհատուցման տուրքերը կարող են հետին թվով գանձվել ժամանակավոր միջոցների կիրառման ժամանակահատվածի համար, եթե լիազոր մարմինը վերջնական դրական եզրակացություն է կայացնում վնասի առկայության մասին (բայց ոչ վնասի վտանգի առկայության կամ տնտեսության ճյուղի ստեղծման էական կասեցման մասին), կամ եթե լիազոր մարմինը վնասի վտանգի առկայության մասին վերջնական դրական եզրակացություն է կայացնում՝ միաժամանակ համարելով, որ ժամանակավոր միջոցներ չկիրառելու դեպքում գնագցող և (կամ) լրավճարված ներմուծումն իրական վնաս կհասցներ տնտեսության ճյուղին:

2. Եթե վերջնականորեն սահմանված հակագնագցման և (կամ) փոխհատուցման տուրքի չափն ավելի մեծ է, քան գնահատված երաշխիքային վճարի չափը, ապա դրանց միջև եղած տարբերությունը չի գանձվում Հայաստանի Հանրապետության տարածք ապրանք ներմուծողից: Եթե վերջնականորեն սահմանված հակագնագցման և (կամ) փոխհատուցման տուրքի չափն ավելի փոքր է, քան գնահատված երաշխիքային վճարի չափը, ապա դրանց միջև եղած տարբերությունը վերադարձվում է: Ընդ որում, կանխիկ դրամով արված երաշխիքային վճարի դեպքում գումարը փոխհատուցվում է՝ համապատասխան տոկոսավճարների հետ միասին:

3. Եթե լիազոր մարմինը վերջնական դրական եզրակացություն է կայացնում վնասի վտանգի առկայության կամ տնտեսության ճյուղի ստեղծման էական կասեցման մասին (սակայն դեռ վնաս չի հասցված), ապա վերջնականորեն սահմանված հակագնագցման և (կամ) փոխհատուցման տուրքը կարող է կիրառվել միայն այդ եզրակացության օրից հետո ընկած ժամանակահատվածի համար, բացառությամբ սույն հոդվածի առաջին մասում սահմանված դեպքերի: Այդ դեպքում ժամանակավոր միջոցների կիրառման ժամանակահատվածում կատարված երաշխիքային վճարները պետք է վերադարձվեն եզրակացության կայացման օրվանից հետո՝ 45 օրվա ընթացքում:

4. Լիազոր մարմնի կողմից վերջնական բացասական եզրակացություն կայացնելու դեպքում ժամանակավոր միջոցների կիրառման ժամանակահատվածում կատարված երաշխիքային վճարները վերադարձվում են եզրակացության կայացման օրվանից հետո՝ 45 օրվա ընթացքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։