Հոդված 59. Տուրքերի կիրառումը
Հոդված 59. Տուրքերի կիրառումը
1. Հակագնագցման և (կամ) փոխհատուցման տուրքերը գանձվում են արժեքային (ադվալորային) կամ յուրահատուկ (հաստատագրված) տուրքերի ձևով՝ ի լրումն տվյալ ապրանքի ներմուծման նկատմամբ գործող մաքսատուրքերի:
Հակագնագցման և (կամ) փոխհատուցման տուրքերը գանձվում են յուրաքանչյուր դեպքի համար առանձին սահմանված չափերով: Գանձումն իրականացվում է առանց խտրականության՝ բոլոր աղբյուրներից ներմուծվող գնագցող և (կամ) լրավճարված և վնասի պատճառ հանդիսացող ապրանքների ներմուծման նկատմամբ, բացառությամբ այն աղբյուրներից ներմուծվող ապրանքների, որոնց կողմից սույն օրենքի համաձայն ստանձնված գնային պարտավորությունն ընդունվել է:
2. Գնագցող և (կամ) լրավճարված ապրանքի յուրաքանչյուր հայտնի արտահանողի կամ արտադրողի համար սահմանվում է հակագնագցման և (կամ) փոխհատուցման տուրքի առանձին չափ, բացառությամբ սույն հոդվածի երրորդ մասում հիշատակված դեպքերի:
3. Եթե լիազոր մարմինը, սույն օրենքի 43-րդ հոդվածի համաձայն, սահմանափակել է ուսումնասիրությունը, ապա ուսումնասիրության ենթակա նմուշային խմբի կազմից դուրս մնացած արտահանողներից և արտադրողներից գանձվող հակագնագցման և (կամ) փոխհատուցման տուրքը չպետք է գերազանցի նմուշային խմբի արտահանողների և արտադրողների համար որոշված գնագցման և (կամ) լրավճարի չափի կշռված միջինի արժեքը: Այս դեպքում անտեսվում են զրոյական և նվազագույն գնագցման և (կամ) լրավճարի չափերը, ինչպես նաև 41-րդ հոդվածի հինգերորդ մասում նշված հանգամանքներում որոշված չափերը: Հակագնագցման տուրքի առանձին չափ է որոշվում քննության նմուշային խմբի կազմից դուրս մնացած այն արտահանողների ու արտադրողների համար, ովքեր ուսումնասիրության ընթացքում դրա համար անհրաժեշտ տեղեկություններ են տրամադրել:
4. Հակագնագցման և (կամ) փոխհատուցման տուրքի մնացորդային դրույքաչափ կարող է սահմանվել այն արտահանողների ու արտադրողների համար, ովքեր հայտնի չէին լիազոր մարմնին վերջնական եզրակացության կայացման պահին: Հակագնագցման և (կամ) փոխհատուցման տուրքի մնացորդային դրույքաչափը չի գերազանցում ուսումնասիրության ընթացքում քննված արտահանողների ու արտադրողների համար սահմանված առանձին գնագցման և (կամ) լրավճարի չափերի կշռված միջինի արժեքը, որում ընդգրկված չպետք է լինեն սույն օրենքի 41-րդ հոդվածի հինգերորդ մասում նշված հանգամանքներում սահմանված չափերը: