Հոդված 53. Հիմնական սկզբունքները
Հոդված 53. Հիմնական սկզբունքները
1. Ուսումնասիրությունը կարող է դադարեցվել առանց ժամանակավոր միջոցների կամ հակագնագցման և (կամ) փոխհատուցման միջոցների կիրառման, կամավոր պարտավորությունների ստանձնման դեպքում, եթե՝
1) արտահանողը կամավոր կերպով ստանձնում է իր ապրանքի գների վերանայման կամ կատարվող արտահանումների դադարեցման պարտավորություններ, որոնք բավարար են գնագցման և (կամ) լրավճարման վնասաբեր հետևանքները վերացնելու համար.
2) լրավճարման դեպքում արտահանող երկրի կառավարությունը համաձայնում է վերացնել կամ սահմանափակել լրավճարումը կամ նախաձեռնել լրավճարման հետևանքների վերացման այլ միջոցներ:
2. Եթե գնային պարտավորություններն ընդունելի են, ապա դրանցից բխող գնի աճը չպետք է լինի ավելի, քան անհրաժեշտ է գնագցման և (կամ) լրավճարի չափը ծածկելու համար:
3. Լիազոր մարմինը կարող է արտահանողին առաջարկել, բայց ոչ մի դեպքում չհարկադրել ստանձնելու կամավոր պարտավորություն: Եթե արտահանողը չի առաջարկում կամ չի համաձայնում կամավոր պարտավորություն ստանձնել, ապա դա չպետք է բացասական ազդեցություն ունենա տվյալ գործի քննության վրա: Լիազոր մարմինը, այնուամենայնիվ, ազատ է որոշելու, որ գնագցող և (կամ) լրավճարված ներմուծման շարունակման դեպքում վնասի վտանգն ավելի իրական է դառնում: