Հոդված 51. Ժամանակավոր միջոցների կիրառումը
Հոդված 51. Ժամանակավոր միջոցների կիրառումը
1. Ուսումնասիրվող ապրանքի ներմուծման նկատմամբ կարող են ժամանակավոր միջոցներ կիրառվել, եթե լիազոր մարմնի նախնական եզրակացությամբ հաստատվում է, որ առկա է գնագցող և (կամ) լրավճարված ներմուծումը, տնտեսության ճյուղին վնաս է հասցվում, և գնագցող և (կամ) լրավճարված ներմուծման ու վնասի միջև կա պատճառահետևանքային կապ, և որ ժամանակավոր միջոցների կիրառումն անհրաժեշտ է ուսումնասիրության անցկացման ընթացքում պատճառվող վնասի կանխման համար:
2. Նախնական դրական եզրակացության հանգելու դեպքում լիազոր մարմինը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առաջարկություն է ներկայացնում ժամանակավոր միջոցների կիրառման վերաբերյալ: Նախնական բացասական եզրակացությունն ինքնին չի կարող կասեցնել ուսումնասիրությունը, սակայն այդ դեպքում չպետք է որևէ ժամանակավոր միջոց կիրառվի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկությունն ստանալու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում, քննարկում է այն և, անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով միջոցներ է ձեռնարկում ժամանակավոր միջոցների կիրառման ուղղությամբ: Ժամանակավոր միջոցների կիրառման մասին Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանված կարգով ընդունել օրենքի ուժ ունեցող որոշումներ:
4. Ժամանակավոր միջոցը կիրառվում է ժամանակավոր հակագնագցման և (կամ) փոխհատուցման տուրքի ձևով, որը չի գերազանցում նախնական եզրակացությամբ գնահատված և համապատասխան ծանուցման մեջ նշված գնագցման և (կամ) փոխհատուցելի լրավճարի չափը:
5. Ժամանակավոր միջոցի ենթակա ապրանքն ազատ շրջանառության համար Հայաստանի Հանրապետության տարածք կարող է ներմուծվել ժամանակավոր տուրքի գումարը վճարելուց կամ այն գրավով կամ այլ համարժեք երաշխիքով ապահովելուց հետո:
6. Ժամանակավոր միջոցները կիրառվում են ուսումնասիրությունն սկսելու օրվանից ոչ շուտ, քան 60 օր, և ոչ ուշ, քան 9 ամիս հետո:
7. Ժամանակավոր հակագնագցման միջոցը կարող է կիրառվել վեց ամիսը չգերազանցող ժամկետով: Տվյալ ապրանքի առևտրի նշանակալի բաժին ունեցող արտահանողների պահանջով ժամանակավոր միջոցի կիրառման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև ինն ամիս:
8. Ժամանակավոր փոխհատուցման միջոցները կարող են կիրառվել չորս ամիսը չգերազանցող ժամկետով, որը չի կարող երկարաձգվել: