Հոդված 72. Գաղտնիության պահպանումը
Հոդված 72. Գաղտնիության պահպանումը
1. Առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկությունները, որոնք ստացված են սույն օրենքով տրված լիազորությունների կատարման ժամանակ, լիազոր մարմնի կողմից պահպանվում են օրենքով սահմանված կարգով: Գաղտնի տեղեկությունները չեն բացահայտվում առանց այդ տեղեկությունը ներկայացնող կողմի թույլտվության:
2. Լիազոր մարմնի աշխատակիցներն իրավունք չունեն հրապարակել կամ այլ կերպ տարածել, ինչպես նաև անձնական շահադիտական նպատակով օգտագործել իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս ստացած գաղտնի տեղեկություններն ու ծառայողական տեղեկատվությունը:
3. Առանց գաղտնի տեղեկությունները ներկայացնողի հատուկ թույլտվության, առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հրապարակման դեպքում, այդ տեղեկությունները ներկայացնողին հասցված վնասը փոխհատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Տեղեկության համար գաղտնիության կարգավիճակ ձեռք բերելու համար ներկայացնող կողմը պետք է, տեղեկության տրամադրման հետ միաժամանակ, ներկայացնի համապատասխան պահանջ, ներառյալ՝ գաղտնիության երաշխիքի անհրաժեշտության պատճառաբանությունը: Այդ դեպքում լիազոր մարմինը շտապ քննության է առնում գաղտնիության երաշխիքի պահանջը և ներկայացնող կողմին տեղեկացնում է գաղտնիության ապահովման վերաբերյալ իր եզրակացությունը:
5. Տեղեկություն ներկայացնող կողմը պետք է գաղտնիության երաշխիքի պահանջով տրված բոլոր տեղեկությունների համար ոչ գաղտնի ամփոփագրեր ներկայացնի: Ամփոփագրերը պետք է այնպիսին լինեն, որ թույլ տան հասկանալու գաղտնի տեղեկության բուն էությունը: Բացառիկ դեպքերում ներկայացնող կողմը կարող է հայտնել, որ հնարավոր չէ ամփոփագրել գաղտնիության երաշխիքի պահանջով տրված տեղեկությունները՝ ներկայացնելով դրա անհնարինության պատճառները: Եթե լիազոր մարմինը գտնում է, որ ոչ գաղտնի ամփոփագիրը չի բավարարում սույն կետի պահանջները, ապա կարող է համարել, որ գաղտնիության երաշխիքի պահանջը հիմնավորված չէ:
6. Եթե լիազոր մարմինը գտնում է, որ գաղտնիության երաշխիքի պահանջը հիմնավորված չէ, և եթե տեղեկություն ներկայացնողը չի կամենում հրապարակայնացնել տեղեկությունը, ապա լիազոր մարմինն անտեսում է այդ տեղեկությունը և դա վերադարձնում է ներկայացնողին: