Հոդված 48. Նախնական և վերջնական եզրակացությունների հիմքերի բացահայտումը
Հոդված 48. Նախնական և վերջնական եզրակացությունների հիմքերի բացահայտումը
1. Շահագրգիռ կողմերը կարող են գրավոր պահանջ ներկայացնել լիազոր մարմին՝ ուսումնասիրության հիմնական փաստերին և դիտարկումներին առնչվող մանրամասների բացահայտման համար, որոնց հիման վրա կիրառվում են ժամանակավոր միջոցները: Գրավոր պահանջը ներկայացվում է ժամանակավոր միջոցների կիրառումից անմիջապես հետո: Պահանջվող մանրամասների բացահայտումը կատարվում է գրավոր և հնարավոր կարճ ժամկետներում:
2. Լիազոր մարմինը նախնական եզրակացության հրապարակումից հետո՝ 15 օրվա ընթացքում, արտահանողների կամ արտադրողների կողմից պահանջ ներկայացվելու դեպքում նրանց հետ կազմակերպում է առանձին բացահայտման հանդիպումներ՝ նրանց առնչությամբ գնագցման հաշվարկներում կիրառված նախնական եղանակների առթիվ բացատրություններ տալու նպատակով:
3. Շահագրգիռ կողմերը կարող են ոչ ուշ, քան ժամանակավոր միջոց կիրառելու մասին որոշման հրապարակումից մեկ ամիս հետո գրավոր պահանջ ներկայացնել լիազոր մարմին՝ բացահայտելու այն հիմնական փաստերը և դիտարկումները, որոնց հիման վրա նախատեսվում են կիրառել վերջնական միջոցներ կամ կասեցնել ուսումնասիրությունը՝ առանց միջոցներ կիրառելու: Եթե ժամանակավոր միջոց չի կիրառվել, ապա գրավոր պահանջը կարող է ներկայացվել լիազոր մարմնի նախանշած ժամկետում: Վերջնական եզրակացության հիմքերի բացահայտումը կատարվում է գրավոր և ոչ ուշ, քան վերջնական եզրակացությունից մեկ ամիս առաջ՝ հաշվի առնելով տեղեկատվության գաղտնիության պահպանման պահանջները: Բացահայտման մեջ հատուկ ուշադրություն է դարձվում այն փաստերի կամ դիտարկումների վրա, որոնք տարբերվում են ժամանակավոր միջոցների կիրառման նպատակով հաշվի առնվածներից:
4. Լիազոր մարմինը, վերջնական եզրակացության հրապարակումից հետո՝ 15 օրվա ընթացքում, արտահանողների կամ արտադրողների կողմից պահանջ ներկայացվելու դեպքում նրանց հետ կազմակերպում է առանձին բացահայտման հանդիպումներ՝ նրանց առնչությամբ գնագցման հաշվարկներում վերջնականորեն կիրառված եղանակների առթիվ բացատրություններ տալու նպատակով: