Հոդված 236. Աշխատանքային վեճերի քննումը շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարաններում
Հոդված 236. Աշխատանքային վեճերի քննումը շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարաններում
Շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարաններում աշխատանքային վեճերը քննվում են`
1) բանվորների ու ծառայողների դիմումներով, երբ նրանք համաձայն չեն ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի որոշմանը.
2) ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայի դիմումով, երբ նա գտնում է, որ ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի որոշումը հակասում է գործող օրենսդրությանը.
3) բանվորների ու ծառայողների դիմումներով, երբ նրանք համաձայն չեն ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կազմակերպչից և ղեկավարից կազմված աշխատանքային վեճերի հանձնաժողովի վճռին, կամ երբ այդ հանձնաժողովում կողմերը համաձայնության չեն եկել, ինչպես նաև երբ ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում չկան արհմիութենական կոմիտե և արհմիութենական կազմակերպիչ.
4) դատախազի դիմումով, երբ նա գտնում է, որ ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի որոշումը կամ ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կազմակերպչից և ղեկավարից կազմված աշխատանքային վեճերի հանձնաժողովի վճիռը հակասում է գործող օրենսդրությանը:
Բացի դրանից, անմիջականորեն շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարաններում, առանց աշխատանքային վեճերի հանձնաժողովին և ձեռնարկության, հիմնարկի կազմակերպության արհմիութենական կոմիտեին դիմելու, աշխատանքային վեճերը քննվում են`
1) ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայի նախաձեռնությամբ արձակված բանվորների և ծառայողների` աշխատանքում վերականգնելու, ինչպես նաև նրանց արձակման պատճառների ձևակերպումը փոխելու մասին դիմումներով, բացառությամբ այն աշխատողների վեճերի, որոնք հատուկ ցանկերում (246 հոդված) նախատեսված պաշտոններ են զբաղեցնում.
2) այն ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների բանվորների ու ծառայողների դիմումներով, որտեղ չկան ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեներ և արհմիութենական կազմակերպիչներ, ինչպես նաև այն անձանց դիմումներով, որոնք աշխատանքային պայմանագրերով աշխատում են կոլտնտեսություններում և միջկոլտնտեսային կազմակերպություններում.
3) ադմինիստրացիայի դիմումով` ձեռնարկությանը, հիմնարկին, կազմակերպությանը պատճառված վնասը բանվորների և ծառայողների կողմից հատուցվելու մասին:
Անմիջականորեն շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարաններում նաև քննվում է աշխատողի և ադմինիստրացիայի միջև աշխատանքային օրենսդրության կիրառման այնպիսի հարցով աշխատանքային վեճը, որը այդ աշխատողի նկատմամբ նախապես լուծել է ադմինիստրացիան` ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի հետ համաձայնեցնելով, նրանց վերապահված իրավունքների սահմաններում: