Հոդված 259.3. Աշխատավորական կոլեկտիվի խորհրդի լիազորությունները
Հոդված 259.3. Աշխատավորական կոլեկտիվի խորհրդի լիազորությունները
Աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովների (կոնֆերանսների) միջև ընկած ժամանակաշրջանում նրա լիազորությունները իրականացնում է աշխատավորական կոլեկտիվի խորհուրդը:
Աշխատավորական կոլեկտիվի խորհուրդը`
վերահսկողություն է իրականացնում աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովների (կոնֆերանսների) որոշումների կատարման, բանվորների, ծառայողների քննադատական դիտողությունների և առաջարկությունների կենսագործման նկատմամբ, աշխատավորական կոլեկտիվին տեղյակ է պահում դրանց կատարման մասին.
լսում է ադմինիստրացիայի պլանների և պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքի, արտադրատնտեսական գործունեության արդյունքների մասին, նախատեսում է միջոցառումներ, որոնք կնպաստեն ձեռնարկության առավել արդյունավետ աշխատանքին, սոցիալական արտադրության սկզբունքի պահպանմանը.
կուսակցական, արհմիութենական և կոմերիտական կազմակերպությունների ընտրովի մարմինների հետ համատեղ հաստատում է սոցիալիստական մրցության պայմանները և ամփոփում դրա արդյունքները.
լուծում է ձեռնարկության կառավարման և կազմակերպական կառուցվածքի կատարելագործման, ըստ աշխատողների անձնական ներդրման նրանց աշխատանքի վարձատրության համապատասխանությունը ապահովելու և սոցիալական բարիքները արդարացի բաշխելու հարցերը.
որոշումներ է ընդունում արտադրության, գիտության և տեխնիկայի զարգացման, նյութական խրախուսման, սոցիալական զարգացման ֆոնդերի օգտագործման մասին, բնակելի տների, մանկական հիմնարկների, ճաշարանների շինարարության, աշխատանքի պայմանների և աշխատանքի պաշտպանության, բանվորների, ծառայողների բժշկական, կենցաղային և կուլտուրական սպասարկման բարելավման համար միջոցների տրամադրման մասին, լուծում է կոլեկտիվի սոցիալական զարգացման այլ հարցեր.
լուծում է կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման, աշխատանքային ներքին կարգապահության կանոնների, ձեռնարկությունում պետական, արտադրական և աշխատանքային կարգապահության պահպանման հարցերը, նախատեսում է այն ամրապնդելու միջոցառումներ.
վերահսկողություն է իրականացնում նյութական խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդերի միջոցների հաշվին արտադրության նորարարներին, առաջավորներին, պատերազմի և աշխատանքի վետերաններին արտոնություններ և առավելություններ տալու նկատմամբ.
լսում է ստորաբաժանումների կոլեկտիվների ներկայացուցիչներին, առաջարկություններ է մտցնում աշխատանքում ձեռք բերած հաջողությունների համար բարոյական և նյութական խրախուսման միջոցների կիրառման մասին, քննության է առնում պետական պարգևների ներկայացնելու հարցերը.
լուծում է արտադրությունների, արտադրամասերի, բաժանմունքների, տեղամասերի և մյուս ստորաբաժանումների կոլեկտիվների խորհուրդների ընտրության հարցերը և որոշում նրանց իրավունքները` ձեռնարկության (միավորման կառուցվածքային միավորի) աշխատավորական կոլեկտիվի խորհրդի լիազորությունների սահմաններում.
լուծում է արտադրական և սոցիալական զարգացման այլ հարցեր, եթե դրանք վերապահված չեն աշխատավորական կոլեկտիվի ժողովի (կոնֆերանսի) իրավասությանը:
Աշխատավորական կոլեկտիվի խորհուրդը աշխատում է ադմինիստրացիայի, կուսակցական, արհմիութենական, կոմերիտական և այլ հասարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ:
Աշխատավորական կոլեկտիվի խորհրդի որոշումները, որոնք ընդունվել են նրա լիազորությունների սահմաններում և օրենսդրությանը համապատասխան, պարտադիր են ադմինիստրացիայի և կոլեկտիվի անդամների համար: Աշխատավորական կոլեկտիվի խորհրդի որոշման հետ ադմինիստրացիայի համաձայն չլինելու դեպքում հարցը լուծվում է աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովում (կոնֆերանսում):