Հոդված 259.4. Ղեկավարների ընտրությունները աշխատավորական կոլեկտիվներում
Հոդված 259.4. Ղեկավարների ընտրությունները աշխատավորական կոլեկտիվներում
Ձեռնարկությունների, միավորումների կառուցվածքային միավորների, ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև վարպետները և բրիգադավարներն ընտրվում են համապատասխան կոլեկտիվի ընդհանուր ժողովում (կոնֆերանսում) և հաստատվում են սահմանված կարգով: Եթե կոլեկտիվի կողմից ընտրված թեկնածությունը հաստատված չէ վերադաս մարմնի կողմից, անցկացվում են նոր ընտրություններ: Ընդ որում, վերադաս մարմինը պարտավոր է կոլեկտիվին բացատրել ընտրությունների արդյունքները հաստատելուց հրաժարվելու պատճառները:
Ձեռնարկությունների, միավորումների կառուցվածքային միավորների ընտրված ղեկավարները կարող են ժամկետից շուտ ազատվել պաշտոնից աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովի (կոնֆերանսի) որոշման, կամ նրա լիազորությամբ` աշխատավորական կոլեկտիվի խորհրդի որոշման հիման վրա, իսկ ստորաբաժանումների ղեկավարները, վարպետները և բրիգադավարները` համապատասխան կոլեկտիվի որոշմամբ: Ձեռնարկությունների և միավորումների կառուցվածքային միավորների ղեկավարներին օրենսդրությամբ նախատեսված հիմքերով ժամկետից շուտ ազատելու մասին կոլեկտիվի որոշումը ենթակա է կատարման վերադաս մարմնի կողմից, իսկ ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև վարպետների և բրիգադավարների վերաբերյալ որոշումը` ձեռնարկության ղեկավարի կողմից: Աշխատանքից ազատելու վերաբերյալ ղեկավարների, վարպետների գանգատները, իսկ բրիգադավարներին` բրիգադի ղեկավարությունից ազատելու վերաբերյալ գանգատները քննարկվում են վերադաս տնտեսական և արհմիութենական մարմինների կողմից համատեղ:
Լիազորությունների ժամկետը լրանալուց հետո ղեկավարները, ինչպես նաև վարպետները և բրիգադավարները կարող են ընտրվել նորից կամ նրանց տրվում է այլ աշխատանք, պահպանելով սույն օրենսգրքի 116 հոդվածով սահմանված երաշխիքները: