Հոդված 280. Որոշ կատեգորիաների բանվորների և ծառայողների աշխատանքային պայմանագիրը որոշակի պայմաններում դադարեցնելու լրացուցիչ հիմքերը
Հոդված 280. Որոշ կատեգորիաների բանվորների և ծառայողների աշխատանքային պայմանագիրը որոշակի պայմաններում դադարեցնելու լրացուցիչ հիմքերը
Բացի սույն օրենսգրքի 32, 36 հոդվածներով նախատեսված հիմքերից, որոշ կատեգորիաների բանվորների և ծառայողների աշխատանքային պայմանագիրը, ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, կարող է դադարեցվել այն դեպքում`
1) երբ մեկ անգամ կոպիտ կերպով խախտվել են ենթակայության կարգով կարգապահական պատասխանատվություն կրող աշխատողների աշխատանքային պարտականությունները.
2) երբ անմիջականորեն դրամական կամ ապրանքային արժեքներ սպասարկող աշխատողի կողմից հանցավոր գործողություններ են կատարվել, եթե այդ գործողությունները նրա նկատմամբ ադմինիստրացիայի վստահությունը կորցնելու հիմք են տալիս.
3) երբ դաստիարակչական ֆունկցիաներ կատարող աշխատողը թույլ է տվել տվյալ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի անբարոյական արարք.
4) երբ դատարանի որոշման հիման վրա աշխատողն ուղարկվել է բուժաշխատանքային պրոֆիլակտորիում:
ԽՍՀ Միության օրենսդրությամբ և, դրանով որոշվող սահմաններում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են որոշ կատեգորիաների բանվորների և ծառայողների աշխատանքային պայմանագրերի դադարեցման լրացուցիչ հիմքեր սահմանվել աշխատանքի ընդունման սահմանված կանոնների խախտման և այլ դեպքերում:
2-րդ և 3-րդ կետերում մատնանշված հիմքերով աշխատանքային պայմանագրերի լուծումը կատարվում է սույն օրենսգրքի 38 հոդվածի կանոնների պահպանումով: