Հոդված 239. Մաքսային մարմինների օժանդակությունը մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությանը
Հոդված 239. Մաքսային մարմինների օժանդակությունը մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությանը
1. Մաքսային մարմիններն իրականացնում են մտավոր սեփականության իրավունքի պաշտպանություն Միության մաքսային օրենսգրքի 46-րդ գլխին համապատասխան։
2. Մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության նպատակով մաքսային մարմինների կողմից իրականացվող միջոցառումները վերաբերում են այն ապրանքներին, որոնք պարունակում են մտավոր սեփականության օբյեկտներ և իրավատիրոջ դիմումի հիման վրա ներառված են մտավոր սեփականության օբյեկտների մաքսային ռեեստրներում: Մաքսային մարմիններն իրավունք ունեն իրականացնելու մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության միջոցառումներ առանց իրավատիրոջ կողմից համապատասխան դիմումի ներկայացման:
3. Հայաստանի Հանրապետության օրենքով մտավոր սեփականության օբյեկտի նկատմամբ իրավունքի տիրապետողը, այդ օբյեկտն օգտագործելու օրինական իրավունք ունեցող որևէ այլ անձ, ինչպես նաև վերջիններիս իրավահաջորդը կամ ներկայացուցիչը (այսուհետ` իրավատեր), որը բավարար հիմքեր ունի ենթադրելու, որ Միության մաքսային սահմանով կարող են տեղափոխվել մտավոր սեփականության իրավունքները խախտող ապրանքներ, կարող է կոմիտե ներկայացնել դիմում (այսուհետ` կասեցման դիմում)` մտավոր սեփականության օբյեկտի գրանցման և ցանկացած մաքսային ընթացակարգով այդ ապրանքների բաց թողնումը կասեցնելու խնդրանքով:
4. Կասեցման դիմումը պետք է ներառի`
1) մտավոր սեփականության օբյեկտի մանրամասն նկարագրությունը (հնարավորության դեպքում` նաև նմուշը), որպեսզի այն ճանաչելի լինի մաքսային մարմինների համար.
2) այն ապրանքատեսակների ցանկը, որոնք կարող են պարունակել մտավոր սեփականության գրանցվող օբյեկտը.
3) ըստ սույն մասի 2-րդ կետում նշված ապրանքատեսակների` մտավոր սեփականության գրանցվող օբյեկտն իրավատիրոջ կամ նրա համաձայնությամբ այլ անձանց կողմից կիրառվելու ձևերը (կոնկրետ ապրանքատեսակն իրավատիրոջ ապրանքային նշանով նշագրելու ձևը և այլն).
4) երկու տարին չգերազանցող այն ժամանակահատվածը, որի ընթացքում մաքսային մարմիններից օժանդակություն է ակնկալվում.
5) հայտատուի պարտավորությունը` հատուցել ապրանքների բաց թողնումը կասեցնելու հետ կապված մաքսային մարմինների ծախսերը (բեռների մանրակրկիտ զննման ծախսերը, ժամանակավոր պահպանման պահեստում կասեցված ապրանքների պահպանման ծախսերը), ինչպես նաև ապրանքներ տեղափոխող և փոխադրող անձի հնարավոր ծախսերը և վնասները, եթե հետագայում դատական կամ այլ կարգավորման արդյունքում չհաստատվի, որ մաքսային սահմանով վերջինիս կողմից ապրանքների տեղափոխումն իրականացվել է հայտատուի մտավոր սեփականության իրավունքի խախտմամբ.
6) պարտավորություն` իր ներկայացրած դիմումի հիման վրա մաքսային մարմինների կողմից ապրանքների կասեցման մասին տեղեկացվելուց հետո` եռօրյա ժամկետում, սույն մասի 5-րդ կետում նշված իր պարտավորությունների կատարումն ապահովելու մասին` մաքսային մարմնին վերջինիս կողմից սահմանված չափով գրավի կամ համարժեք այլ բանկային երաշխիքի տրամադրմամբ.
7) դիմողի անվանումը և գտնվելու վայրը:
5. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված դիմումը ներկայացնելիս իրավատերը պարտավոր է`
1) դիմումին կից ներկայացնել փաստաթղթեր, որոնք հավաստում են մտավոր սեփականության տվյալ օբյեկտի նկատմամբ իր իրավունքները և պետական տուրքի վճարումը.
2) մաքսային մարմիններին ապահովել գործին առնչվող իրեն մատչելի տեղեկատվությամբ, որը թույլ կտա նրանց որոշում կայացնել դիմումի վերաբերյալ: Տեղեկատվության տրամադրումը չպետք է դիմումն ընդունելու նախապայման հանդիսանա:
6. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված դիմումը կարող է լինել որոշակի կամ ընդհանուր բնույթի: Որոշակի բնույթի դիմումը տրվում է, եթե հայտատուն տեղյակ է որոշակի իրավախախտ ապրանքների` Միության մաքսային սահմանով նախատեսվող տեղափոխման կամ որոշակի մաքսային մարմնում դրանց գտնվելու մասին և մաքսային մարմիններից ակնկալում է միանգամյա օժանդակություն: Նման դիմումները պետք է ներկայացվեն մինչև մաքսային մարմիններից օժանդակություն ակնկալելու պահին նախորդող տասներորդ օրը:
Մնացած դեպքերում տրվում է ընդհանուր բնույթի դիմում:
7. Իրավատիրոջ դիմումը մաքսային մարմինների կողմից բավարարվելու դեպքում մաքսային մարմինները տրամադրում են օժանդակություն` դիմումում խնդրարկված ժամկետով, եթե այդ ընթացքում դիմումն իրավատիրոջ կողմից հետ չի կանչվել, կամ չեն դադարել իրավատիրոջ իրավունքները, որի մասին իրավատերը պարտավոր է տեղեկացնել մաքսային մարմիններին` այդ փաստն իրեն հայտնի դառնալու հաջորդ օրվա ընթացքում: Իրավատիրոջ իրավունքների դադարման փաստին անիրազեկության պատճառով մաքսային մարմինների կողմից իրավատիրոջ դիմումի հիման վրա ձեռնարկված միջոցառումների համար պատասխանատու է իրավատերը:
8. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված դիմումը կոմիտեի կողմից ընդունվելու համար գանձվում է տուրք` օրենքով սահմանված կարգով:
9. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված դիմումի ձևը և դրա ներկայացման ու քննարկման կարգը սահմանում է կոմիտեն:
(239-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-264-Ն)