Հոդված 31. Նստավայր պետության օրենսդրությունը հարգելը
Հոդված 31. Նստավայր պետության օրենսդրությունը հարգելը
1. Արտոնություններից և անձեռնմխելիությունից օգտվող բոլոր անձինք պարտավոր են, առանց իրենց արտոնությունները և անձեռնմխելիությունը վնասելու, հարգել Նստավայր պետության օրենսդրությունը: Նրանք պարտավոր են նաև չմիջամտել այդ պետության ներքին գործերին:
2. Հյուպատոսական շինությունները չպետք է օգտագործվեն հյուպատոսական գործառույթների կատարման հետ անհամատեղելի նպատակներով:
3. Սույն հոդվածի 2-րդ կետի դրույթները չեն բացառում գրասենյակների և այլ մարմինների կամ հիմնարկների տեղավորման հնարավորությունը շենքի այն մասում, որտեղ գտնվում են հյուպատոսական գրասենյակները՝ պայմանով, որ այդպիսի հիմնարկներին հատկացված գրասենյակները առանձնացվեն այն գրասենյակներից, որոնցից օգտվում է հյուպատոսական հիմնարկը:
Այդ դեպքում հիշյալ գրասենյակները հյուպատոսական շինությունների մաս չեն հանդիսանում՝ համաձայն սույն Կոնվենցիայի:
4. Հյուպատոսական հիմնարկի աշխատակիցները պետք է կատարեն Նստավայր պետության օրենսդրությամբ նախատեսված ցանկացած պահանջ, որը վերաբերում է ապահովագրմանը այն վնասից, որը կարող է պատճառվել երրորդ անձանց` կապված ճանապարհային փոխադրամիջոցի, օդանավի կամ նավի օգտագործման հետ:
5. Հյուպատոսական պաշտոնատար անձինք Նստավայր պետությունում անձնական եկամուտներ ստանալու նպատակով չպետք է զբաղվեն որևէ մասնագիտական կամ առևտրական գործունեությամբ:
6. Սույն Կոնվենցիայով նախատեսված արտոնությունները և անձեռնմխելիությունը չեն տրամադրվում`
ա) այն հյուպատոսական ծառայողներին կամ սպասարկող անձնակազմի աշխատակիցներին, որոնք Նստավայր պետությունում եկամուտներ ստանալու նպատակով զբաղվում են մասնավոր գործունեությամբ,
բ) սույն կետի «ա» ենթակետում նշվող անձի ընտանիքի անդամներին կամ նրա մասնավոր տնային աշխատողներին,
գ) հյուպատոսական հիմնարկի աշխատակցի ընտանիքի անդամներին, որոնք Նստավայր պետությունում եկամուտներ ստանալու նպատակով զբաղվում են մասնավոր գործունեությամբ: