Հոդված 4. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարի գործառույթների ժամանակավոր կատարումը
Հոդված 4. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարի գործառույթների ժամանակավոր կատարումը
1. Եթե հյուպատոսական հիմնարկի ղեկավարը չի կարողանում կատարել իր գործառույթները, կամ եթե հյուպատոսական հիմնարկի ղեկավարի պաշտոնը թափուր է, Ներկայացվող պետությունը կարող է հանձնարարել Նստավայր պետությունում իր այս կամ այն հյուպատոսության հյուպատոսական պաշտոնատար անձին կամ իր դիվանագիտական ներկայացուցչության դիվանագիտական անձնակազմի անդամին՝ ժամանակավորապես կատարել հյուպատոսական հիմնարկի ղեկավարի պարտականությունները: Հյուպատոսական հիմնարկի ղեկավարի պարտականությունները ժամանակավոր կատարողի ամբողջական անունը և ազգանունը Ներկայացվող պետության դիվանագիտական ներկայացուցչության կողմից գրավոր հայտնվում են Նստավայր պետության արտաքին գործերի նախարարությանը կամ այդ նախարարության նշած մարմնին: Եթե այդ պետությունը Նստավայր պետությունում այդպիսի ներկայացուցչություն չունի, ապա վերոհիշյալի մասին հայտնում է հյուպատոսական հիմնարկի ղեկավարը, կամ, եթե նա ի վիճակի չէ այդ անելու, Ներկայացվող պետության ցանկացած այլ իրավասու մարմինը: Որպես կանոն՝ այդ ծանուցումն արվում է նախապես:
2. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարի պարտականությունները ժամանակավոր կատարողը օգտվում է սույն Կոնվենցիայով հյուպատոսական հիմնարկի ղեկավարին տրվող առավելություններից, արտոնություններից և անձեռնմխելիությունից:
3. Եթե Ներկայացվող պետությունը Նստավայր պետությունում իր դիվանագիտական ներկայացուցչության դիվանագիտական անձնակազմի անդամին, սույն հոդվածի 1-ին կետի դրույթներին համապատասխան, նշանակում է որպես հյուպատոսական հիմնարկի ղեկավարի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար, ապա վերջինս շարունակում է օգտվել դիվանագիտական արտոնություններից ու անձեռնմխելիությունից, որոնք տրվել են իր դիվանագիտական կարգավիճակին համապատասխան: