Հոդված 49. Շահերի պաշտպանումը ներկայացվող պետության օդանավում հարկադրական միջոցների կամ քննության դեպքում
Հոդված 49. Շահերի պաշտպանումը ներկայացվող պետության օդանավում հարկադրական միջոցների կամ քննության դեպքում
1. Եթե Նստավայր պետության դատական կամ այլ իրավասու մարմինները մտադիր են հարկադրական միջոցներ ձեռնարկել կամ քննություն անցկացնել Ներկայացվող պետության օդանավում, Նստավայր պետության իրավասու մարմինները պետք է այդ մասին նախապես տեղեկացնեն հյուպատոսական պաշտոնատար անձին, որպեսզի նա հնարավորություն ունենա ներկա լինելու այդպիսի միջոցների իրականացման ընթացքում:
Եթե հյուպատոսական պաշտոնատար անձը ներկա չէ այդպիսի միջոցների իրականացմանը, Նստավայր պետության իրավասու մարմինները, այդ անձի խնդրանքով, գրավոր ծանուցում են նրան դրա մասին: Եթե ձեռնարկվելիք միջոցառումների շտապ բնույթը թույլ չի տալիս վաղօրոք ծանուցում ուղարկել հյուպատոսական պաշտոնատար անձին, ապա Նստավայր պետության իրավասու մարմինները սեղմ ժամկետներում ամբողջական գրավոր տեղեկատվություն են տրամադրում հյուպատոսական պաշտոնատար անձին այդ փաստի և ձեռնարկված միջոցների մասին նույնիսկ հյուպատոսական պաշտոնատար անձի համապատասխան խնդրանքի բացակայության դեպքում:
2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները կիրառվում են նաև այն դեպքում, երբ Նստավայր պետության իրավասու մարմինները Ներկայացվող պետության օդանավի հրամանատարին կամ անձնակազմի որևէ անդամին կանչում են՝ Նստավայր պետության տարածքում օդանավին վերաբերող հարցերով ցուցմունքներ տալու համար:
3. Բացառությամբ այն դեպքերի, երբ դա կատարվում է հյուպատոսական պաշտոնատար անձի կամ օդանավի հրամանատարի խնդրանքով կամ թույլտվությամբ, Նստավայր պետության դատական կամ այլ իրավասու մարմինները Ներկայացվող պետության օդանավում չեն միջամտում այդ օդանավի ներքին գործերին այն հարցերում, որոնք վերաբերում են անձնակազմի անդամների միջև փոխհարաբերություններին, աշխատանքային հարաբերություններին, օդանավում տիրող կարգապահությանը և այլ ներքին բնույթի կանոններին՝ պայմանով, որ այդ դեպքում չի խախտվում Նստավայր պետության խաղաղության և անվտանգության ապահովմանը վերաբերող օրենսդրությունը:
4. Սույն հոդվածի դրույթները, սակայն, չեն կիրառվում մաքսային, սահմանային կամ սանիտարական վերահսկողության հետ կապված՝ սովորաբար կիրառվող միջոցների նկատմամբ կամ այլ միջոցների նկատմամբ, որոնք ձեռնարկվում են Նստավայր պետության իրավասու մարմինների կողմից՝ օդանավի հրամանատարի խնդրանքով կամ նրա համաձայնությամբ:
Սույն հոդվածը չի վերաբերում Պայմանավորվող կողմերի այն իրավունքներին և պարտականություններին, որոնք բխում են նրանց միջև գործող բազմակողմ և երկկողմ պայմանագրերից: