Հոդված 40. Ներկայացվող պետության քաղաքացիների հետ կապը և այդ քաղաքացիներին օգնություն և օժանդակություն ցուցաբերելը
Հոդված 40. Ներկայացվող պետության քաղաքացիների հետ կապը և այդ քաղաքացիներին օգնություն և օժանդակություն ցուցաբերելը
Հյուպատոսական պաշտոնատար անձը կարող է՝
ա) ազատորեն առնչվել Ներկայացվող պետության քաղաքացիների հետ իր հյուպատոսական շրջանի սահմաններում, նրանց խորհուրդներ տալ և ամեն տեսակի օգնություն և աջակցություն ցուցաբերել, այդ թվում նաև՝ իրավական օգնություն ցուցաբերել նրանց կամ միջոցներ ձեռնարկել իրավական օգնություն ցուցաբերելու համար:
Նստավայր պետությունը ոչ մի կերպ չի սահմանափակում Ներկայացվող պետության քաղաքացիների կապերը հյուպատոսական պաշտոնատար անձի հետ, ինչպես նաև նրանց մուտքը հյուպատոսական հիմնարկ.
բ) հաշվի առնելով Նստավայր պետությունում գործող պրակտիկան և կարգը՝ Ներկայացվող պետության քաղաքացիներին ներկայացնել կամ միջոցներ ձեռնարկել նրանց պատշաճ ներկայացուցչությունը ապահովելու համար Նստավայր պետության դատական կամ այլ մարմինների առջև՝ Նստավայր պետության օրենսդրությանը համապատասխան՝ այդ քաղաքացիների իրավունքները և շահերը պաշտպանող նախնական միջոցներ ձեռնարկելու մասին կարգադրություններ ստանալու նպատակով՝ այն դեպքում, երբ բացակայության կամ այլ պատճառով նրանք չեն կարող ժամանակին պաշտպանել իրենց իրավունքներն ու շահերը:
Ներկայացուցչությունը դադարում է այն դեպքում, երբ ներկայացվող անձը նշանակում է իր լիազորված ներկայացուցչին կամ անձամբ ստանձնում է իր իրավունքների և շահերի պաշտպանությունը.
գ) դիմել Նստավայր պետության իրավասու մարմիններին, որպեսզի նրանք աջակցեն Ներկայացվող պետության քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու գործում, երբ խոսքը գնում է նրանց բարեկեցության կամ այլ մարդասիրական նկատառումների մասին, ինչպես նաև Ներկայացվող պետության՝ անհայտ կորած քաղաքացիների հետախուզման մասին: