Հոդված 1. Սահմանումներ
Հոդված 1. Սահմանումներ
1. Սույն Կոնվենցիայի նպատակներով`
ա) «հյուպատոսական հիմնարկ» նշանակում է՝ ցանկացած գլխավոր հյուպատոսություն, հյուպատոսություն, փոխհյուպատոսություն կամ հյուպատոսական գործակալություն,
բ) «հյուպատոսական շրջան» նշանակում է՝ այն տարածքը, որը հատկացված է հյուպատոսական հիմնարկին՝ հյուպատոսական գործառույթներ կատարելու համար,
գ) «հյուպատոսական հիմնարկի ղեկավար» նշանակում է՝ անձ, որին հանձնարարված է գործել այդ պաշտոնում,
դ) «հյուպատոսական պաշտոնատար անձ» նշանակում է՝ ցանկացած անձ, ներառյալ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը, որին հանձնարարված է այդ պաշտոնում հյուպատոսական գործառույթների կատարումը,
ե) «հյուպատոսական ծառայող» նշանակում է՝ ցանկացած անձ, որը հյուպատոսական հիմնարկում կատարում է վարչական կամ տեխնիկական պարտականություններ,
զ) «սպասարկող անձնակազմի աշխատակից» նշանակում է՝ ցանկացած անձ, որն իրականացնում է հյուպատոսական հիմնարկի սպասարկման պարտականություններ,
է) «հյուպատոսական հիմնարկի աշխատակիցներ» նշանակում է՝ հյուպատոսական պաշտոնատար անձինք, հյուպատոսական ծառայողներ և սպասարկող անձնակազմի աշխատակիցներ,
ը) «հյուպատոսական անձնակազմի աշխատակիցներ» նշանակում է՝ հյուպատոսական պաշտանատար անձինք (բացառությամբ հյուպատոսական հիմնարկի ղեկավարի), ինչպես նաև հյուպատոսական ծառայողներ և սպասարկող անձնակազմի աշխատակիցներ,
թ) «մասնավոր տնային աշխատող» նշանակում է՝ հյուպատոսական հիմնարկի աշխատակցի մոտ բացառապես մասնավոր ծառայության մեջ գտնվող անձ,
ժ) «ընտանիքի անդամ» նշանակում է՝ հյուպատոսական հիմնարկի աշխատակցի կին (ամուսին), զավակներ ու ծնողներ, որոնք ապրում են նրա հետ համատեղ և նրա խնամքի տակ են,
ժա) «հյուպատոսական շինություններ» նշանակում է՝ բացառապես հյուպատոսական հիմնարկի նպատակների համար օգտագործվող շենքեր կամ շենքերի մասեր, ներառյալ հյուպատոսական հիմնարկի ղեկավարի բնակավայրը և տվյալ շենքը կամ շենքերի մասերը սպասարկող հողատարածքները, անկախ այն բանից, թե ում է պատկանում դրանց սեփականության իրավունքը,
ժբ) «հյուպատոսական արխիվներ»-ն ընդգրկում են՝ հյուպատոսական հիմնարկի բոլոր թղթերը, փաստաթղթերը, նամակագրությունը, գրքերը, կինոժապավենները, տեղեկատվության հավաքման, պահպանման և օգտագործման տեխնիկական միջոցները, հյուպատոսական հիմնարկի ռեեստրները՝ կոդերի և ծածկագրերի, քարտարանների և կահավորանքի ցանկացած այն առարկաների հետ միասին, որոնք նախատեսված են դրանց պահպանության ապահովման համար,
ժգ) «Ներկայացվող պետության նավ» նշանակում է՝ ցանկացած նավ, բացառությամբ ռազմանավերի, որը գրանցված է այդ պետությունում և իրավունք ունի նավարկելու Ներկայացվող պետության դրոշի տակ,
ժդ) «Ներկայացվող պետության օդանավ» նշանակում է՝ ցանկացած թռչող փոխադրամիջոց (բացառությամբ ռազմական թռչող փոխադրամիջոցների), որը գրանցված է Ներկայացվող պետությունում և իրավունք ունի կրելու այդ պետության տարբերակիչ նշանները: